Պետք է միջազգային ամենաբարձր չափանիշին համապատասխան ընտրություն անենք․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

«Պետք է բացառենք այս ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը, մասնավորապես  նախկինից հայտնի մի շարք ավանդույթներ, երբ այս օրերին հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական և քարոզչական պրոցեսների մեջ, պետք է լիարժեքորեն բացառել այս երևույթը»,-այդ մասին կառավարության նիստի մեկնարկին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընտրության  նշաձողը պետք է բարձրացնել․ ոչ թե անցկացնել երրորդ հանրապետության պատմության լավագույն ընտրությունը, այլ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություն: 

«Պետք է բացառել նաև և այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողներին ուղղորդելու գործընթացում: Մեր ընտրություններում եղել է «չակերտավոր ասողների» երևույթը, ովքեր ասում են, թե ում օգտին պետք է քվեարկել: Ո՞րն է մեխանիզմը, ո՞րն է ընտրողի ազատ կամարտահայտությունը. ընտրողը պետք է հետևի քարոզարշավին, դառնա քաղաքական բովանդակության մասնակից և որոշի, թե ում օգտին է ուզում քվեարկել»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը և հայտարարել, որ խախտում կատարողը կպատժվի օրենքի ողջ խստությամբ։

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին՝  ուղիղ կամ անուղղակի, ապա Փաշինյանը հույս հայտնեց, որ ոստիկանությունը և ՀՔԾ-ն պատրաստ են ոչ միայն արձագանքելու իրավիճակին, այլև կանխելու այդ երևույթը:

«Պետք է հասկանանք, որ այդ երևույթը չի կարող մեր իրականության մեջ տեղ ունենալ: Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում կապահովենք քաղաքական ուժերի միջև իրապես ազատ մրցակցությունը, պետք է դահլիճների հասանելիության սահմանափակումներ չլինեն, բոլոր քաղաքական ուժերը պետք է իսկապես ունենան հավասար հնարավորություններ՝ ընտրողների հետ շփվելու, երկխոսելու»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: