Վաղը «Իմ քայլը» կհանդիպի Արայիկ Հարությունյանի հետ․ կուտակված շատ հարցեր կան․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է հանդիպում անցկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Մեր տեղեկություններով՝ խմբակցությունում բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պատգամավորները պետք է այդ օրն ուղղեն նախարարին եւ լսեն նրա պատասխանները:

Մենք տեղեկացանք, որ այդքան կուտակված հարցերի պատճառը վերջերս այս ոլորտում կատարվող փոփոխություններն են, որոնք անգամ հանգեցրել էին ուսանողների կողմից բողոքի ակցիայի, ինչպես նաեւ տարբեր քննադատությունների՝ արդեն կրթական նոր չափորոշիչների մասով:

Եվ այս ամիսներին կուտակված բողոքներից առաջացած հարցերն էլ պատգամավորները պատրաստվում են ուղղել նախարարին: Նկատենք, որ վերջերս խորհրդարանում կրկին քննարկում էր անցկացվել. ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը քննարկում էր անցկացրել ոլորտի խնդիրների վերաբերյալ, սակայն նախարարը չէր ներկայացել, որն էլ առաջացրել էր պատգամավորների դժգոհությունը: Եվ հենց դա է պատճառը, որ այս անգամ խմբակցությունը որոշել է ի վերջո «բերման ենթարկել» Արայիկ Հարությունյանին եւ դռնփակ նիստում ուղղել բոլոր հարցերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ