Ենթադրենք, 2 տղամարդ կամ 2 կին գնում են ԶԱԳՍ, նրանց ամուսնությունը կգրանցվի՞․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Տիգրան Ուրիխանյանը գործադիրին օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկվում է արգելել համասեռամոլների ամուսնությունները։ Նախագծով առաջարկվում էր  «Ընտանեկան օրենսգրքում» ավելացնել կետ, որն արգելում է նույն սեռի անձանց ամուսնությունը։

Կառավարությունը մերժեց այդ առաջարկը՝ պատճառաբանելով, որ օրենքն արդեն իսկ նախատեսում է միայն տղամարդու և կնոջ միջև ամուսնություն։

Մեկնաբանություններից խուսափելու համար Փաշինյանը ևս մեկ անգամ ճշտեց. «Ենթադրենք երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ մենք ուզում ենք ամուսնանալ: Կա՞ արդյոք որևէ օրենսդրական հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը պատասխանեց, որ ոչ, Սահմանադրությամբ հստակ սահմանվում է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև իրենց կամքի ազատ արտահայտությամբ միասնությունն է և «Ընտանեկան օրենսգրքով» այդ հարցը կարգավորվում է, մասնավորապես՝ 11 հոդվածով արգելվում է ամուսնություն կնքել՝

ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ,

բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև,

գ) որդեգրողների և որդեգրվածների միջև,

դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ,

ե) նույն սեռի անձանց միջև:

«Այսինքն՝ այս օրենքի ընդունումը կամ չընդունումը մեր իրականության մեջ որևէ բան չի փոխում»,- հարցրեց Փաշինյանը, փոխնարարը պատասխանեց՝ ոչ։

Սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ Հայաստանում նման բան լինել չի կարող, օրենքը հստակ սահմանում է, քանի որ ամուսնությունը կնոջ ու տղամարդու միջև կարող է լինել։