Արտակարգ դրության ռեժիմը ևս 1 ամսով կերկարաձգվի․ սահմանափակումները կվերանայվեն․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

Հինգ ամիս շարունակվող և օգոստոսի 12-ին ավարտվող արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ անգամ։ Միաժամանակ, սակայն, Կառավարությունը դիտարկում է այլ լուծումներ՝ ընդունելով, որ այս երկարաձգումը հնարավոր է, որ լինի վերջինը։

«Չնայած, որ որոշում է կայացվել Արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել, էական փոփոխություններ են լինելու այդ ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված։ Վերանայվելու են օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների, ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումների, հավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների և ՀՀ՝ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների հարցերը», - հայտնել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

Ըստ Ավինյանի՝ հնարավոր է՝ սա լինի վերջին երկարաձգումը, որից հետո կքննարկվեն Արտակարգ իրավիճակով պայմանավորված օրենքներում փոփոխությունների իրականացման հարցերը։ 

«Եթե պահպանենք կանոնները և համաճարակային իրավիճակը պահպանի դրական տենդենցը, ավել արագ կվերադառնանք մեր բնականոն կյանքին», - նշել է Ավինյանը։ 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16-ին, ապա ամեն ամիս երկարաձգվել՝ ևս մեկ ամսով։

--0--ԿԿ