Ամուլսարի փրկության համար կանգնելու ենք մինչև վերջ. Շիրակ Բունիաթյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

Ի պաշտպանություն Ամուլսարի՝ բողոքի ակցիան շարունակվում է այսօր: Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը ցուցարարներին ներկայացրեց իրենց պայմանները, այն է՝ ողջամիտ ժամկետ կտան՝ ճանապարհը ազատելու ու հետագա հավաքը շարունակելու այնն հատվածում, որը չի խոչընդոտում ուրիշների ազատ տեղաշարժմանը: 

Ակցիայի մասնակիցները հայտնեցին՝ խնդիրը եղել և շարունակում է մնալ վագոն-տնակների ապօրինի տեղակայումը, դրանք առնվազն 30 մետր պետք է ներս գնան, եթե ոչ՝ հետագայում 70 մ և ավելի:

Նրանց խոսքով՝ պահնորդները երբ եկել են, առաջին իսկ օրվանից եղել է լարված վիճակ, երեկ ականատես են եղել նրանց սադրանքներին, նաև տեսել են, թե ինչ վարքագիծ են ցուցաբերել ոստիկանների հետ: Ակցիայի մասնակիցների հաջորդ պահանջն է, որ վերականգնվի այսպես կոչված «ստատուս քվո»-ն, վագոն տնակները հանեն, իրենց վագոն տնակները դնեն:

Այս առնչությամբ ակցիայի մասնակից Շիրակ Բունիաթյանը հարց ուղղեց ակցիայի մասնակիցներին.

«Մենք ինչ է՝ պատրաստվում ենք ևս երկու տարի մնա՞լ, կառավարությունից պահանջում ենք քաղաքական կամք՝ այս հարցին լուծում տալու համար, ճիշտ չէ, երբ դու քո ժողովրդին տանում ես հյուծման: Հաջորդ ակցիաները կազմակերպելու ենք տարբեր տեղերում, որտեղ արգելված չէ, չենք տրվելու սադրանքներին, մի օր Երևանում կլինենք, մի օր միջպետական ճանապարհ կփակենք: Ամուլսարի փրկության համար կանգնելու ենք մինչև վերջ, պայքարելու ենք բոլոր թույլատրելի ձևերով»:

--00--ԱԹ