60-ամյա բնակչուհու հանցավոր գործողություններից տուժել է 17 քաղաքացի. հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

ձերբակալություն

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի կենցաղային տեխնիկայի առուվաճառքով զբաղվող ընկերությունը չարաշահել է քաղաքացիների վստահությունը:

Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների՝ ձեռնարկության տնօրենը, որ Երևանի 60-ամյա մի բնակչուհի է, իր 29-ամյա որդու հետ, հայտարարություն էր տարածել` իբր կազմակերպությունը քաղաքացիներին շտապ գումար է տրամադրում: Արմավիրի մարզի մի շարք բնակիչներ դիմել էին, պայմանագիր կնքել, համաձայն որի՝ տարբեր խանութներից, ապառիկ վճարման եղանակով, պետք է կենցաղային տեխնիկա գնեին, ապրանքը գրավ թողնեին ընկերությանը և դիմացը գումար ստանային: Քաղաքացիները տեխնիկան գնել էին, սակայն կազմակերպությունը վերցրած տեխնիկայի դիմաց ըստ պայմանագրի վճարման ենթակա գումարները չէր տվել:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում ձեռնարկության տնօրենն ու որդին ներկայացել են ոստիկանության Արմավիրի բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանց հանցավոր գործողություններից տուժել է 17 քաղաքացի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:

--0--ԱՀ