Գյուղատնտեսական արտադրանքի իրացումը չի ազատվի ԱԱՀ-ից․ գործադիրը մերժեց Գորգիսյանի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Կառավարությունը մերժեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից:

Ըստ նախաձեռնության հիմնավորման՝ ՀՀ օրենսդրության համաձայն գյուղացին գյուղմթերքի իրացման դեպքում ազատված է ԱԱՀ վճարումից, սակայն պարտադրվում է, որ առևտրային ցանցերը որոնք ՀՀ-ում համարվում են տեղական գյուղմթերքների եւ մսամթերքների ամենամեծ սպառողները այդ ապրանքները վաճառեն ԱԱՀ-ով, որը բերել է վերը նշված ապրանքների նվազագույնը 20-30 տոկոս թանկացմանը: Ստեղծված իրավիճակից ՀՀ ում աճել է Բելառուսից եւ ՌԴ-ից մսամթերքի ներկրումը: Արդյունքում ստացվում է, որ մեր տեղական մսամթերքը վաճառվում է սուպերմարկետներում նվազագույնը 3.600-ից 3․700 դրամով, իսկ բելառուսականը 2․800-2․900  դրամով: Նույն պատկերն է նաևհայկական միրգ-բանջարեղենի շուկայում:

Ատոմ Ջանջուղազյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ հավասար պայմաններում հարկային համակարգը նույնն է, և եթե խախտում չկա, հարկերը չեն կարող ազդել գնի վրա:

«Խնդիրն այն է, որ ներկրվող ապրանքի գինն ավելի ցածր է, որի պատճառն այն է, որ մեր գյուղատնտեսությունը բավարար չափով արտադրողական չէ և մրցունակ գներով չի կարողանում իրացում ապահովել»,-ասել է Ջանջուղազյանը և հավելել, որ եթե այս նախագիծն ընդունվի, իրենք դրանով կսուբսիդավորեն գյուղատնտեսությունը, և ավելի թույլ կլինի ձգտումն ունենալու մրցունակ արտադրանք: Ավելին, նախարարի պաշտոնակատարը կարծում է, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման: