Աշխատանքիս ամենահաճելի մասը Ձեր աչքերի «կրակը» տեսնելն էր․ Արմեն Ավակյանը հրաժարական տվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը՝ ստորև․

«Այսօր «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եմ ներկայացրել իմ հրաժարականի դիմումը։

«Բիզես Արմենիա»-ի սիրելի՛ թիմ, աշխատակիցներ և օտարերկրյա ներկայացուցիչներ,

Անցնելով շատ դժվարություններով՝ հետաքրքրիր աշխատանքով բարեփոխեցինք Հայաստանի զարգացման հիմնադրամը և ստեղծեցինք «Բիզնես Արմենիա»-ն։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ «Բիզնես Արմենիա»-ն այսօր ոչ միայն մեր երկրի ուժեղագույն կառույցներից մեկն է դարձել, այլև բազմիցս, գնահատվելով միջազգային խոշորագույն կազմակերպությունների կողմից, հարյուրավոր երկրների շարքում Հայաստանը դիրքավորել է կամ առաջին, կամ ամենաբարձր հորիզոնականներում։ Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր և պահպանել «ընտանեկան ջերմաստիճանը»։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ է, որ «Բիզնես Արմենիա»-ն դարձել է ներդրողների և գործարարների կարևորագույն բարեկամն ու աջակիցը։

Շնորհակալություն եմ հայտնում հաճելի աշխատանքի համար՝ նոր ձեռքբերումների մաղթանքով։

Հարգելի՛ գործարարներ և ներդրողներ,

Իմ աշխատանքի ամենահաճելի մասը Ձեր աչքերի «կրակն» ու «կայծը» տեսնելն էր՝ ցանկացած նոր լուծված խնդրի, դժվարության հաղթահարման և նոր ներդրումների որոշման կայացման առիթով։ Անկախ փոփոխություններից՝ «Բիզնես Արմենիա»-ն շարունակելու է աշխատել, խնդիրներ լուծել և աջակցել Ձեզ՝ մեր երկրում նոր ներդրումներ կամ արտահանումներ իրականացնելիս։

Կառույցի գործունեության ամուր հիմքերը դրված են և այն արդեն աշխատում է համակարգի պես։ Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, կապահովեմ ներդրումային ծրագրերի և «Բիզնես Արմենիա»-ի աշխատանքի շարունակականությունը, իսկ նոր տնօրենի ընտրությունից հետո՝ դրանց սահուն փոխանցումը։

Բոլորիդ հաջողություններ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,- գրել է Արմեն Ավակ Ավակյանը։