14-ամյա աղջկան փախցնելու և նրա հետ սեռական հարաբերության համար մեղադրանք առաջադրվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Արմավիրի մարզի 14-ամյա բնակչուհու հետ սեռական հարաբերություն ունենալու, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Արագածոտնի մարզի 21-ամյա բնակչին:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 12:15-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի բնակիչը, ամուսնության նպատակով, առևանգել է իր դստերը՝ ծնված 2004 թվականին, և տարել անհայտ ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի բնակիչ` 21 տարեկան: Նոյեմբերի 9-ին Արագածոտնի բնակիչը ձերբակալվել է՝ 14-ամյա աղջկան առևանգելու կասկածանքով: Վերջինս ճանաչվել է տուժող:

14-ամյա աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստացվել են դատաբժիշկ փորձագետի հետազոտության նախնական տվյալները:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև Արագածոտնի 21-ամյա բնակչի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ. մասնավորապես՝ 21-ամյա երիտասարդի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած աղջնակի նկատմամբ առերևույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, առերևույթ բռնաբարության դեպքերի վերաբերյալ: Նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Որոշում է կայացվել նշված քրեական գործերը մեկ վարույթ միացնելու և համատեղ  նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքերը պարզելու համար կատարվել է առերես հարցաքննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով  (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: