Էմանուել Մակրոնը ժամանել է Լիբանան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Makron

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբանանում է. նա այցելել է Բեյրութում օրեր առաջ տեղի ունեցած հզոր պայթյունի վայր: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Մակրոնը զրուցել է արդեն իսկ տեղում աշխատող ֆրանսիացի փրկարարների հետ: Վերջիններս նախագահին վստահեցրել են՝ պատրաստ են Բեյրութում մնալ այնքան, ինչքան կպահանջվի:

Մակրոնը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է համակարգել Լիբանանին միջազգային օգնության ցուցաբերումը: Բացի այդ, ֆրանսիացի ղեկավարը լիբանանյան իշխանություններին հիշեցրել է, որ իրենց երկրում իրավիճակը բարդ էր նաև նախքան պայթյունը: 

«Այստեղ իրավիճակն առանց այդ էլ բարդ էր, ընդ որում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու ֆինանսական իմաստով»,- ասել է Մակրոնը:

Նրա կարծիքով՝ առանց լուրջ բարեփոխումների Լիբանանը կործանման կգնա:

--00--ԱԹ