Ոստիկանները բացահայտել են Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանները պարզել են, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը և նախապես համաձայնության գալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ, 2017 թվականի տարբեր ամիսների կազմակերպել է Նորաշենի համայնքապետարանի շենքի նորոգման կապալային աշխատանքների կատարման պետական գնման գործընթաց:

Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ գործընթացի շրջանակներում 4 միլիոն 350 հազար և մոտ 1 միլիոն 900 հազար դրամի ձևական պայմանագրեր կնքելով երկու ընկերությունների հետ, բայց նախատեսված աշխատանքներն այլ անձանց կողմից ավելի մատչել գներով, ինչպես և ոչ ամբողջ ծավալով կատարելու պայմաններում, վերը նշված ըներությունների տնօրենների օժանդակությամբ համայնքի նախկին ղեկավարի կողմից կազմվել և երկկողմանի հաստատվել են կեղծ կատարողական ակտեր ու հանձնման-ընդունման արձանագրություններ, ինչի հիման վրա համայնքապետարանի բյուջեից նշված կազմակերպություններին փոխանցվել և յուրացման եղանակով հափշտակվել է, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, մոտ 4 միլիոն 300 հազար դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

--00--ԱԹ