Արագածոտնի մարզի ներհամայնքային ավելի քան 100 հողածածք ճանապարհներ կնորոգվեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

․

Հայաստանում վերանորոգվող ճանապարհներից քանդվող ասֆալտբետոնե ծածկը՝ աղացած ասֆալտի տեսքով, օգտագործվում է ներհամայնքային ճանապարհների նորոգման նպատակով: Մ3-Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի՝ Ուշիից դեպի Տառերի պուրակ ընկած հատվածի վերանորոգման արդյունքում քանդված ասֆալտբետոնե ծածկը տրամադրվում է Արագածոտնի մարզի 20-ից ավելի համայնքների՝ ներհամայնքային ավելի քան 100 հողածածք ճանապարհներ նորոգելու համար: Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Տրամադրվող աղացած ասֆալտը կբավարարի 15-20կմ ներհամայնքային ճանապարհների բարեկարգումն իրականացնելուն: Ասֆալտի փռման աշխատանքներին ներգրավվում են նաև տեղի բնակիչները՝ այդպիսով մասնակցելով իրենց բնակավայրի բարեկարգմանը: Նշված ճանապարհի Ապարան համայնքի տարածքում ընկած 3.5կմ հատվածի աղացած ասֆալտը մարզպետ Դավիթ Գևորգյանի միջնորդությամբ առաջիկա օրերին կտրամադրվի Ապարան խոշորացված համայնքին՝ բոլոր 21 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման համար: Այս նպատակով Հարթավան-Քուչակ հատվածից օրեր առաջ Ապարան համայնքին է տրամադրվել մոտ 500 բեռնատար ասֆալտ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաշխումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի համագործակցությամբ:

--0--ԱՀ