Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի․ Վերաքննիչը մերժել է դատախազին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

դատավոր

ՀՀ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազի բողոքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հուլիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը, թեեւ ընդունել էր, որ առկա է հիմնավոր կասկած: Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել թե՛ դատախազությունը, թե՛ պաշտպանական կողմը։ Դատախազությունը վերաքննիչ բողոքով պահանջել է կալանավորել Կուբանյանին, իսկ պաշտպանական կողմը վիճարկել էր հիմնավոր կասկածի առկայությունը։

Փաստաբան Հ.Սարգսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ դատարանը մերժել է բողոքները եւ ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ԲԴԽ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը հուլիսի 17-ին ԲԴԽ-ն բավարարել էր ու ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվել։ Գևորգ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։ Իսկ դատավոր Արա Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Դատավորներն իրենց առաջադրված մեղադրանքներն չեն ընդունում։ Հուլիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Նա տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ։ Գործով մյուս մեղադրյալը՝ դատավոր Արա Կուբանյանը, չի կալանավորվել։ 

Աղբյուրը՝ «Փաստինֆո»։

--00—ՄՀ