ԱԺ-ն քննարկում է ուսման վարձն ըստ ամիսների վճարելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 15, 24News

Thumbnail

ԱԺ–ում այսօր՝ նոյեմբերի 15–ին առաջին ընթերցմամբ քննարկվում է ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Վճարովի հիմունքներով սովորողներին հնարավորություն տալ ուսման վարձը վճարել ըստ կիսամյակների կամ ամիսների։

Նախագծի հեղինակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում ընդգծեց, որ հարյուրավոր ուսանողներ, որոնք սովորում են հայաստանյան բուհական համակարգում, երկար տարիներ դուրս են մնացել բուհերից գումարը անհրաժեշտ պահին չվճարելու պատճառով. «Շատ են այդպիսի  ուսանողները, որոնք ունեն գիտելիք, առաջադիմություն, ունեն հնարավորություն դառնալու պիտանի քաղաքացի, լավ մասնագետ, չեն դառնում միայն գումարը չվճարելու պատճառով»։

Նա զարմանք հայտնեց, որ ոչ թե ենթաօրենսդրական ակտով կամ կառավարության որոշման, այլ կրթության մասին օրենքով ամրագրված է եղել, որ գումարը պետք է վճարվի միանվագ կամ համաձայն դիմումի բուհերի ղեկավարների հայեցողությամբ թույլատրվի տարաժամկետումը։

«Նախագծով առաջարկվում է մի նախադասության փոփոխություն, որով կտրուկ կփոխվի մարդկանց ճակատագրեր, հնարավորություն տալ այդ նույն գումարները վճարել ամսական տարաժամկետմամբ»,–շեշտեց պատգամավորը։

Նա դիմեց բացակա պատգամավորներից եւ նշեց, որ «եթե վաղը քվեարկության պահին անհրաժեշտ քվորում չլինի, ապա ուսման վարձի պատճառով բուհերից դուրս մնացող բոլոր ուսանողների ճակատագրերի պատասխանատուն լինելու են բացակա պատգամավորները»։

Նա մանրամասնեց, որ առաջարկվող փոփոխությունը անդրադառնալու է զեղչված ոսման վարձով ուսանողների վրա։

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե առաջարկվող փոփոխություններից արդյո՞ք բուհի համար ֆինանսական խնդիրներ չեն առաջանա, որին ի պատասխան Ուրիխանյանը նշեց, որ հարցը քննարկվել է բազմաթիվ բուհերի ղեկավարների հետ, կառավարությունը լուրջ է մոտեցել հարցին, եռամսյակային տարաժամկետման հնարավորության տարբերակ է առաջարկվել, բայց ասել են, որ այդտեղ խնդիր է առաջանում՝ ոչ թե ֆինանսական, այլ կրեդիտային համակարգի հետ կապված:

«Բուհերը ֆինանսական հոգսերը հիմնականում ամսական կտրվածքով են հոգում՝ լինի աշխատավարձ, թե  կոմունալ վարձեր, եւ այդ նույն գումարները, որ ծավալային փոփոխություն չեն ունենում, պատասխանատու պարբերականությամբ վճարվում են, իսկ ամսական պարտավորությունը չկատարելու դեպքում ուսանողի նկատմամբ սանկցիա է կիրառվում:

Իսկ ուսանողները, որոնք ունեն հնարավորություն, կարող են միանվագ վճարել»։

Կրթության եւ գիտության նախարարի տեղակալն էլ ասաց, որ ամսական վճարման մեխանիզմ սահմանվել էր օրենքով, սակայն դրա համար պետք էր, որ ուսանողը դիմումով հանդես գար, սակայն այս նախագծով ուսանողները հնարավորություն են ստանում ամսական վճարել ուսման վարձը։