ՊԲ հրամանատարը ներկա է գտնվել ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

․

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ օգոստոսի 8-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2020 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Աայս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ներածական խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԲ-ի բոլոր միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները առաջադրված ուսումնական և մարտական խնդիրները կատարել են անհրաժեշտ մակարդակով:

Մարտական հերթապահության կրմանը զուգահեռ, ՊԲ բոլոր միավորումներն առաջընթաց են ապահովել մարտական պատրաստության ու զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններում: Օրակարգային ելույթներում բանակի հրամանատարի տեղակալներն ու համապատասխան բաժինների և ծառայությունների պետերը անդրադարձել են ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբային պատրաստության ու զորքերի ծառայության ոլորտներում արձանագրված հիմնական ցուցանիշներին:

Նրանք նաև անդրադարձել են հայկական երկու հանրապետության ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում իրականացված տեսչական ստուգումներին ու դրան հաջորդած մարտավարական զորավարժություններին և կիսամյակային ամփոփիչ ստուգումներին` մատնանշելով այն բոլոր դրական զարգացումներն ու արձանագրված բացթողումները որոնք տեղ են գտել ինժեներական և բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, թիկունքային ծառայության և հարակից այլ բնագավառներում։ 

Իր ամփոփիչ խոսքում գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, համակողմանի վերլուծության ենթարկելով տարածաշրջանային ռազմաքաղաքական ընթացիկ զարգացումները, կարևորել է հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործընթացների նշանակությունը և առաջիկա ուսումնաշրջանի հիմնական անելիքների վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձանց տվել անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ: Ռազմական խորհրդի նիստի ավարտին, ՊԲ հրամանատարի համապատասխան հրամանի համաձայն, կիսամյակի արդյունքներով լավագույն ճանաչված զինծառայողները պարգևատրվել են պատվոգրերով, թանկարժեք նվերներով ու արժանացել դրամական խրախուսանքների:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս