Վլադիմիր Գասպարյանը հայց է ներկայացնելու դատարան՝ ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News 

հասարակական

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունից հայց է ներկայացնելու դատարան՝ կապված «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ։

«ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան, կապված օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ: ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աթանեսյանը։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Վլադիմիր Գասպարյանը։ «Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ», - նշված է ռադիոկայանի կայքում։ «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը դատապարտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ռ/կ հայաստանյան ծառայության լրագրողների աշխատանքի խոչընդոտելը:

--0--ԿԿ