Մկոյանին շանտաժի են ենթարկում, սպառնում են սպանել և գումար շորթել. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Մկոյան

«Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի փաստաբանի խոսքով` Մկոյանին շանտաժի են ենթարկում, սպառնում սպանել, և նրանից 5 մլն դոլար շորթելու փորձ է եղել: Փաստաբանի խոսքով՝ Մկոյանը վախեցած է և Վրաստանում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպում է պահանջում: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

«Հենզել Մկոյանը ինձ խնդրել է իր անունից հայտարարություն անել: Հարցը վերաբերում է սպառնալիքի, շանտաժի ու շորթման փաստերին: Առաջին փաստը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 20-ին, երբ նրան զանգել են և պահանջել հեռանալ քաղաքականությունից, հանգիստ մնալ, ոչ մեկի հետ կապ չունենալ, այլապես կխլեն իրենից ամենաթանկ մարդուն: Մի քանի օր անց՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել երկրորդ հեռախոսազանգը և Մկոյանին ասել են՝ «օլիգարխ, որ բիզնեսով ես զբաղված, ինչո՞ւ փող չես վճարում, մեզ 5 մլն պետք է տաս»։ Մկոյանը հարցրել է, թե ովքեր են և ինչու պետք է նա փող տա, որին խոսողներից մեկը պատասխանել է, որ 15 տարի բանտում է եղել, եթե իրենց կողմից տրված հաշվեհամարին 5 մլն դոլար չփոխանցի, նրան կսպանեն և 20 տարի նորից կնստեն»,- հայտարարել է Մկոյանի փաստաբանը:

Հարկ է նշել, որ երկու դեպքում էլ պատգամավորի հետ խոսել են ռուսաց լեզվով:

Փաստաբանի խոսքով՝ Մկոյանն ու իր ընտանիքը սթրես են ապրում սպառնալիքների պատճառով և պատգամավորը պահանջում է, որ նշված դեպքերը քննի գլխավոր դատախազությունը: Նրա խոսքով՝ Վրաստանի խորհրդարանի անդամին սպառնալու և գումար շորթելու գործով դիմել են դատախազությանը, սակայն նրանց դիմումը հայտնվել է շրջանային ոստիկանության բաժանմունքում: Նրանց պնդմամբ՝ այս հարցը շրջանային ոստիկանությունը չպետք է քննի:

Փաստաբանը վերջում նշել է, որ ոչ միայն Մկոյանն է վախեցած, այլ նաև իր ընտանիքի անդամները, այդ պատճառով էլ նրան միայնակ ոչ մի տեղ չեն թողնում գնալ: Մկոյանը դիմում է Վրաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին, որպեսզի նրա ընտանիքի անդամների կյանքը պաշտպանված լինի: Նա ԱՄՆ դեսպանի հետ հանդիպում է պահանջում:

--00—ՄՀ