ՀՀ ԱԺ պատգամավորներն ավելի քան 10 տեղամասում են եղել․ Մինսկում այս պահին խաղաղ է. Infocom

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

պատգամավոր

Մինսկի այսօրվա առավոտը հանգիստ է բացվել։ Մարդիկ վերադարձել են իրենց բնականոն առօրյայի՞ն, թե՞ սա հարաբերական անդորր է՝ դեռեւս հստակ ասել հնարավոր չէ, սակայն այս օրերին դիտորդական առաքելությամբ Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Արմեն Եղիազարյանը միաբերան փաստում են, որ քաղաքն այս պահին ապրում է իր կյանքով այնպես, ինչպես ընտրական պրոցեսներին նախորդած օրերին։ Գրել է Infocom-ը։

Բելառուսում երեկ տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց հաջորդեցին քաղաքացիների զանգվածային ցույցերը։ Հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ պահանջելով արդյունքների արդար հաշվարկ եւ 1994-ից նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։ Հիմնական ընտրապայքարը Լուկաշենկոյի եւ ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի միջեւ էր․ Լուկաշնկոն, սակայն, ըստ աղբյուրների, ձայների առավելագույն տոկոս է հավաքել՝ ավելի քան 80, ինչը ցուցարարները համարում են ուղղակիորեն կեղծված արդյունք։

Ուշ երեկոյան արդեն բախումներ տեղի ունեցան ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջեւ, որոնց արդյունքում տասնյակ քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ, ոչ պաշտոնական աղբյուրները խոսում են նաեւ մեկ զոհի մասին։

Այս ամենի ֆոնին՝ մինչ այս պահը ողջ Բելառուսում անջատված է ինտերնետ կապը։ Հայ պատգամավորները եւս երեկվանից ինֆորմացիայի շատ քիչ հասանելիություն ունեն։

Infocom.am-ը զրուցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում Մինսկում գտնվող ՀՀ ԱԺ  պատգամավորներ «Իմ քայլը» խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արմեն Եղիազարյանի հետ: 

Պատգամավորները Բելառուսի նախագահական ընտրությունների ընթացքին հետեւել են ավելի քան տասը ընտրատեղամասերից։ Արմեն Եղիազարյանը մեր զրույցում նկատեց՝ թեեւ իրենց եղած ընտրատեղամասերում գործընթացն, ըստ էության, համապատասխանել է Բելառուսի օրենսդրությանը, սակայն որոշ դրվագներ տարօրինակ են եղել։ Մասնավորապես, ինչպես ներկայացրեց ԼՀԿ-ական պատգամավորը, քվեատուփերը որոշ տեղամասերում եղել են փայտե՝ ոչ թափանցիկ, իսկ ահա Ալեքսեյ Սանդիկովն էլ հաջորդիվ հավելեց, որ մի քանի տեղամասերում էլ տուփերը եղել են օրգանական ապակուց, պարունակությունն էլ՝ բոլորի համար տեսանելի։

Հայաստանցի խորհրդարանականները նշեցին, որ Բելառուսի տեղամասերում քվեաթերթիկները ծրարների մեջ չեն դրել, ինչը իրենց օրենսդրության խախտում չէ, սակայն մեր պարագայում դա լուրջ խնդիր կլիներ։ 

«Տեղեր կային՝ քվեաթերթիկն առանց ծալելու, առանց ծրարի մեջ դնելու՝ կարող էին բերել, բոլորի համար տեսանելի դնել քվեատուփի մեջ։ Բայց դա իրենց համար նույնպես խնդիր չէ, թույլատրվում է։ Բայց մեր օրենսդրության չափանիշներով անընդունելի կլիներ, մեզ համար խնդիր կլիներ»,- ասաց Եղիազարյանը։

Սանդիկովն էլ իր հերթին նշեց, որ իրենք 2 տեղամասի գործընթացները Մինսկում են դիտել, մեկը՝ հենց բացման պահին, հետո Մինսկին մոտ գտնվող Սմոլեվիչի քաղաքում՝ մոտ 5 տեղամաս, 5 տեղամաս էլ՝ մեկ այլ քաղաքում։ «Իմ քայլի» պատգամավորը նշեց, որ, բնականաբար ունենալով մեր ընտրությունների փորձը, կային դրվագներ, որոնք մեր պատգամավորների համար նորություն էին, խորթ էին․

«Ընտրությունները Բելառուսում այնպես չեն, ինչպես մեզ մոտ։ Օրինակ մեզ մոտ ԿԸՀ-ն է տալիս քվեատուփերը, դրանք միանման են, միասնական, մեզ մոտ ուղիղ եթերով հնարավոր է հետեւել ընտրական բուն պրոցեսին, մենք հոլոգրաֆիկ կպչուն նշաններ ենք ամրացնում քվեաթերթիկներին, ծրարի մեջ ենք դնում, իրենց մոտ այդպես չէր։ Բայց մենք մեր փորձը ներկայացրինք, ասացինք, թե արդեն ինչ տարբերակի ենք անցել։ Իրենք դա ընդունեցին ի գիտություն՝ որպես փորձի փոխանակման ձեւ»,- մեր զրույցում ասաց պատգամավորը։

Եղիազարյանի ու Սանդիկովի կեցավայրը Մինսկի կենտրոնի հյուրանոցներից մեկն է, որի մոտ այս օրերին ոստիկանական ուժերը լուրջ ծառայություն են իրականացրել։ Մեր պատվիրակները լսել են պայթյունի եւ կրակոցների ձայներ, տեսել են նաեւ ոստիկանական զորքերը, սակայն ցուցարարների հետ բախումներին ականատես չեն եղել, քանի որ քաղաքի հենց կենտրոնում ուժեղացված հսկողություն է եղել։

«Բռնություն չենք տեսել, բայց, լուրերի համաձայն, եղել են, հեռվից էլ լսել ենք կրակոցների ու պայթյունների ձայներ։ Հիմա ինֆորմացիան գրեթե հասանելի չէ, ինտերնետ կապ ընդհանրապես չկա։ Գիտենք, որ գիշերը ժամը 2-ից իրադրությունը կարծես թե հանդարտվել է»,- մեր զրույցում հայտնեցին պատգամավորները։

Իսկ ահա ինչ վերաբերում է այս պահին Բելառուսում տիրող իրավիճակին՝ պատգամավորները հայտնեցին, որ հիմա գոնե Մինսկում ամեն ինչ կարգին է, աշխատում է նաեւ տրանսպորտը։ Պատգամավորներն այս պահին հավելյալ մեկնաբանություն չեն կարող հայտնել, բոլոր իրադարձություններին դեռեւս չեն կարողացել ծանոթանալ։

Արմեն Եղիազարյանի կարծիքով՝ նոր զարգացումներ դժվար թե տեղի ունենան, ամեն դեպքում այս պահին այդ տպավորությունն է ստեղծում։ 

Եւ քանի որ դիտորդական առաքելությանը մասնակցել են ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում, Սանդիկովը եւս առանձին գնահատական չհնչեցրեց ցուցարարների պնդումների վերաբերյալ՝ նշելով միայն, որ տեսականորեն չի բացառվում, որ նրանց մտահգությունների մի մասը համապատասխանում են իրականությանը․

«Բայց աչքովս չտեսածը չեմ կարող քննարկել»,- շեշտեց պատգամավորը։

Հայաստանի պատվիրակները այսօր հանդիպում են նախատեսում Բելառուսի հայ համայնքի հետ՝ նախատեսելով այնտեղի տրամադրություններին ավելի մանրամասն ծանոթանալ, նաեւ կապեր հաստատել համայնքի հետ։ Երեկոյան արդեն կվերադառնան Հայաստան։ 

Աղբյուրը՝ Infocom

--00—ՄՀ