Մարգարիտա Սիմոնյանը Բելառուսի իշխանություններին կոչ է արել ազատել ձերբակալված լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Բելառուսի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ձերբակալված լրագրողներին: Նա նշել է, որ երկրի ղեկավարը «պետք է իր երկրում կարգուկանոն հաստատի ամեն հնարավոր ձևով», բայց իրավունք չունի ձերբակալել մամուլի ներկայացուցիչներին՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար:

«Եթե դուք չեք ցանկանում թշնամիներ ձեռք բերել նաև ի դեմս այն անձանց, որ աջակցում էին ձեզ այս ճակատագրական գիշերը, անհապաղ ազատ արձակեք Սեմյոն Պեգովին»,- գրել է Սիմոնյանն իր Տելեգրամի էջում:

Նա հավելել է, որ լրագրողի գործընկերներն անհապաղ պետք է իմանան՝ որտեղ է նա, ինչ վիճակում, արդյո՞ք նրան բժշկական օգնություն ցուցաբերվում է: Սիմոնյանը նաև կոչ է արել ազատ արձակել բոլոր լրագրողներին, որ ազնվորեն ու անկողմնակալ ձևով լուսաբանել են Բելառուսում անցկացվող ընտրությունները:

--00--ԱԹ