Սկզբում մտածել եմ ահաբեկչության մասին. Վլադիմիր Գասպարյանը՝ միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

Ի՞նչ է տեղի ունեցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանա լճի ափամերձ առանձնատան տարածքում և դրանից հետո։ Նախկին ոստիկանապետը Para.TV-ի հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ պատմել է միջադեպի մանրամասների իր տարբերակը։ Ասում է՝ սկզբում մտածել է, որ ահաբեկչություն է կամ սադրանք։

«Իմ գլխի վրա, մոտ տասը մետր բարձրության վրա դրոն է գործում, ծառերի վրա։ Անկեղծ ասած, սկզբում մտածել եմ ահաբեկչության մասին, սադրանքի մասին։ Առաջին անգամ չէ, որ դրոն են բաց թողնում այս տարածքում․ նախորդ դեպքերում ծովի վրայից էր նկարահանումն ընթանում, իսկ սա ուղղակի, անմիջապես կանգնած էր իմ գլխավերևում։ Ես ծառերի տակ էի, և նրանք ինձ չէին նկատում»,- ասել է նա։

Այնուհետև նստել է իր քվադրոցիկլը, մեծ արագությամբ դուրս եկել, մտածելով, որ տարածքը խոցելի է։ «Դրոնի ուղղությամբ գնացել եմ, 300-500 մետր հեռավորության վրա տեսել եմ երկու մեքենա, մեքենայից դուրս եկած մոտ 6-7 քաղաքացի, որից մեկի ձեռքին՝ կառավարման վահանակ»,-պատմել է Գասպարյանը։

Հետո խոսակցություն է գնացել Գասպարյանի և օպերատոր ներկայացած անձանց միջև։ Նախկին ոստիկանապետն ասում է՝ իհարկե, բարձր եմ խոսել, վիրավորված եմ եղել, առաջին րոպեները հետախուզական էին, ուզում էի իմանալ, թե ովքեր էին։

«Ասել եմ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, մի օր ձեզ խիստ կպատժեն։ Ես քվադրոցիկլի ղեկից չեմ էլ իջել։ Դե եթե 30 տարեկան 6-7 հոգի վախենում են 62 տարեկան մի հոգուց․․․ թող վախենան, շատ լավ է»,-նշել է Գասպարյանը։

Երեկոյան աղմուկից հետո էլ, ասում է, հասկանալի է դարձել, որ սա ծրագրված ակցիա էր։

«Որովհետև աղմկելու տեղ չունեին, ես սադրանքի չեմ գնացել։ Նման քայլ անում են միայն սադրելու համար։ Ես ունեմ ինֆորմացիա, որ քաղաքական որոշումներ են կայացվում։ Աստված մի արասցե, որ արդարությունը քաղաքական որոշումներով կայացվի։ Նման պետությունը երկար չի գոյատևի»,- եզրահանգել է Վլադիմիր Գասպարյանը։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԹ