Ախալքալաքում 27-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News  

Ախալքալաք

Վրաստանի գլխավոր դատախազությունը, օգոստոսի 8-ին Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փաստով Արթուր Գաբրիելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել նպատակաուղղված սպանության, հրազենի ապօրինի ձեռք բերման, պահելու և կրելու հոդվածներով:

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ դատախազությունն այսօր կդիմի դատարան՝ Ա.Գ.-ի նկատմամբ խափանման միջոց ընտրելու և խափանման միջոց կիրառելու մասին: Գրել է Jnews.am-ը։

«Ներքին գործերի նախարարության կողմից անցկացրած հետաքննությամբ սահմանվել է, որ 2020 թվականի օգոտոսի 8-ին, երեկոյան ժամերին, Ախալքալաքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած խոսակցության ու ֆիզիկական բախման ընթացքում, Ա.Գ.-ն, սպանության նպատակով հրազենից կրակելով Վ.Մ-ին կրծքավանդակի հատվածին, վիրավորել է նրան, ինչի հետևանքով Վ.Մ.-ն մահացել է հիվանդանոցի ճանապարհին»:

ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՎՕ-ի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով՝ խմբակային ակցիա կազմակերպելու և մասնակցելու համար, որն ուղեկցվում է բռնությամբ, կողոպուտ, ուրիշի ունեցվածքին դիտավորյալ վնաս պատճառելու և զենք օգտագործելու մասով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթև վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Միրանյանը, որից հետո Ախալքալաքում սկսվել են անկարգություններ: Կուլիկամցիներն այրել են կրակողի՝ Ա. Գաբրիելյանի սեփական տունը, հայրական տունն ու հյուրանոցը, ինչպես նաև կռվի մասնակիցներից՝ Կարեն Քոսյանի ու Գենա Զարմարյանի տները:

Արդեն օգոստոսի 9-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, դեպքից ժամեր անց ձերբակալվել է Արթուր Գաբրիելյանը՝ (ծնված՝ 1983 թ.-ին)՝ կանխամտածված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռքբերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով:

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածի և 236-րդ հոդվածի, III և IV հատկանիշներով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն և ապօրինի զենքի պահում: 

--00—ՄՀ