Լիբանանում պահանջում են կախաղան բարձրացնել նախկին կառավարության անդամներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

Լիբանան

Նորից հազարավոր մարդիկ են հավաքվում Բեյրութի կենտրոնում, որը հոկտեմբեր ամսից դարձել էր երկրում փոփոխություններ իրականացնելու պահանջով անցկացվող ցույցերի էպիկենտրոն: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Քաղաքի նավահանգստում մի քանի օր առաջ տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո այս ցույցերը պարտադրեցին կառավարության հրաժարականը, սակայն այսօր նրանք ասում են, թե կառավարության անդամներին հարկավոր է բարձրացնել կախաղան: Նրանք ղեկավարությանն են մեղադրում ամոնիումի նիտրատի վտանգի մասին նախազգուշացումներն արհամարհելու մեջ:

Պայթյունին զոհ է գնացել ավելի քան 220 մարդ, վիրավորվել` 5000-ը: Մոտ քառորդ միլիոն մարդ այստեղ մնացել է անօթեւան:

Նիդա Հաքիմը, որն այսօր կամավոր կերպով մաքրում է քաղաքի փողոցները, հարյուրավոր այլոց պես իր ձեռքին է պահում կախաղանի օղակը ու ասում, որ նախկին կառավարությունն այս օղակով պիտի պատասխան տա ոչ միայն մեռածների, այլ նաեւ բոլորի համար:

Շաբաթ օրը սկսված ցույցերի ժամանակ անվտանգության ուժերն արցունքաբեր գազ էին կիրառել ընդդեմ ցուցարարների, որոնք փորձում էին ճեղքել խորհրդարանը շրջապատած ոստիկանական պատնեշը: Ցուցարարներին սակայն հաջողվեց գրոհել արտաքին գործերի նախարարության շենքը, ու այսպիսով արտահայտել իրենց ցասումը: Ցույցերի ուժեղ ալիքը շարունակվեց նաեւ կիրակի օրը:

Զայրույթն այնքան մեծ է, որ նույնիսկ 20 տարեկան երիտասարդներն են խոսում իրենց քաղաքական ղեկավարներին մահվան դատապարտելու պահանջի մասին:

Այսօր մարդիկ այստեղ պահանջում են միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրեր պայթյունի պատճառները: Իսկ միջազգային համայնքն այս պահին դեռեւս առաջարկում է միլիոնավոր դոլարների օգնություն: Թե օգնությունն ինչ կերպ կբաշխվի, ինչպես քաղաքը կվերակառուցվի ու որ ամենակարեւորն է, ինչպես մարդկանց հավատն ու նվիրվածությունը հայրենիքի նկատմամբ կվերակնանգնվի, արդեն կախված է լինելու նոր կառավարությունից: