«ACI Stampa»-ն մեկնաբանում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

․

Իտալիայի առաջատար ACI Stampa լրատվական գործակալությունը (որը պատկանում է ACI-EWTN News խմբին և հիմնականում անդրադառնում Տիեզերական եկեղեցու ու Հռոմի Սրբազան քահանայապետի մասին լուրերին) օգոստոսի 8-ին տպագրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցը, որում հոդվածագիրն անդրադարձ է կատարում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը և այդ առթիվ Ֆրանցիսկոս Պապի՝ «հարատև քաղաքական լուծում» գտնելու խնդրանքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեջբերելով դեսպան Նազարյանին՝ հոդվածագիրը նշում է, որ «մեր երկրի դեմ ագրեսիան սանձազերծել էր Ադրբեջանը, արհամարելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Ֆրանցիսկոս Պապի՝ COVID-19 համավարակի պայմաններում համընդհանուր հրադադար» պահպանելու ավելի վաղ արված կոչերը։

Կարեն Նազարյանը նաև նշում է, որ «իտալական մամուլն անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Մեծամորի ատոմակայանի վրա հարձակվելու հայտարարությանը, ինչպես նաև՝ թուրքական կողմի անընդունելի միջամտությանը, որի նպատակներից է նաև միջազգային հանրությանն ապակողմնորոշելը՝ կոծկելու համար Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին հուլիսի 12-ից ի վեր ուժի գործադրման անհերքելի փաստերը»։ Ըստ դեսպան Նազարյանի՝ «հայտնի է, որ Թուրքիան մշտապես փորձում է միջամտել տարածաշրջանային հակամարտություններին՝ առավել խճճելով դրանք, ստեղծելով լարվածության նոր օջախներ, խաթարելով իր հարևանների անվտանգությունն անկայունության տարածման միջոցով, որպեսզի հասնի իր առավելապաշտական նպատակներին։ Այդ ճանապարհին նա անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ արդարացնելով վերջինիս հայատյաց ու ռազմատենչ քաղաքականությունը»: Դեսպանը հավելում է, որ «Թուրքիան փաստորեն գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ՝ Արցախյան հակամարտության մեջ ուղղակիորեն ներգրավված կողմ և չի կարող որևէ դերակատարում ունենալ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում»:

Գործակալությանն արված իր մեկնաբանություններում Կարեն Նազարյանը լույս է սփռում տարածաշրջանում Թուրքիայի դերին, նշելով վերջինիս՝ Հայաստանի հանդեպ ունեցած թշնամանքի, Հայոց ցեղասպանության փաստի մերժման մասին և հավելում, որ «Թուրքիայի այդ սադրիչ կեցվածքը լուրջ սպառնալիք է լայն իմաստով տարածաշրջանի համար»:

Նա քննադատում է Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր, մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը։ Դեսպանը նաև նշում է, որ «Տրդատ անունով հայ ճարտարապետի ջանքերով են վերականգնվել X դարում երկրաշարժի հետևանքով տուժած Ս.Սոֆիայի վնասված հատվածներն», ու տեղեկացնում, որ «թուրքական կողմի որոշման առթիվ մեկնաբանություններով ու հայտարարություններով հանդես է եկել հայ հանրությունը՝ ի դեմս Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Ամենայն Հայոց ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների, հայկական ակադեմիական շրջանակների ու սփյուռքյան կառույցների։ Դա բնական է, քանի որ այդ որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, ու այս ամենն անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում եկեղեցիների ու հոգևոր մյուս կոթողների պահպանման, դրանք ձևախեղումներից զերծ պահելու նպատակով միջազգային մշտադիտարկման մեխանիզմի ներդրումը։ Հայաստանը պատրաստ է այս ուղղությամբ աշխատելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և նրա շահագրգիռ անդամ պետությունների հետ»։

Ամբողջական հոդվածը հասանելի է այս հղումով։

--0--ԱՀ