Սինանյանը Լիբանանում այցելել է համայնքային կազմակերպություններ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

․

Լիբանան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է համայնքային կազմակերպություններ և կամավորական խմբերի, որոնք տասնամյակներ շարունակ աշխատում են լիբանանահայության հետ և օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո համայնքին ծառայելու առաջնագծում են: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: 

«Կարագյոզյան հիմնադրամի՝ Բուրջ Համուդում գտնվող բժշկական կենտրոնում հայ համայնքին մատուցվում է բժշկական և ատամնաբուժական ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաև սոցիալական աջակցության բազմակողմանի ծրագիր: Կենտրոնի տնօրեն Սերոբ Օհանյանի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել և քննարկում ունեցել սոցիալական աշխատակիցների հետ:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է նաև լիբանանահայ օգնության խաչ (ԼՕԽ), շրջել բժշկական հաստատությունում, կլոր սեղան քննարկում ունեցել ներկայացուցիչների և բուժաշխատողների հետ, որոնք կիսվել են իրենց փորձառությամբ, պատմել համայնքին մատուցվող ծառայությունների մասին:

Հաջորդ հանդիպումը ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների խմբի և աղետների արձագանքման բաժնի հետ էր, որն ամենօրյա ռեժիմով կատարում է հարյուրավոր տնային այցելություններ և կարիքների գնահատում: Վերջին կանգառն Ազգային միացյալ վարժարանն էր, որտեղ ևս տեղի է ունեցել հանդիպում և ծանոթացում կրած վնասներին»,- գրված է հայտարարությունում:

--0--ԱՀ