Կոնգրեսը 2 տարով սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News   

ԱՄՆ

Ամերիկացի 4 կոնգրեսականների  (Ջիմ Ռիշ, Մայք Մքքոլ, Էլիոտ Էնջել, Բոբ Մենդերես )  նախաձեռնությամբ 2 տարով գաղտնի կերպով սառեցվել է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային։ Այդ մասին Ermenihaber-ի հաղորդմամբ՝ հայտնում է ամերիկյան Defense News լրատվական կայքը։ 

Ըստ աղբյուրի՝ գլխավոր պատճառը S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս թուրքական գործարքն է։  

Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան թեև 2019թ․-ին  ձեռք էր բերել ռուսական ՀՕՊ համակարգերն, այնուամենայնիվ դրանք առայժմ չեն  ակտիվացվել  և գործարկվել։ Պաշտոնական Անկարան այդ ամենը պատճառաբանում է Թուրքիայի տարածքում  կորոնովիրուսի պատճառով ստեղծված իրավիճակով։ 

Աղբյուրի փոխանցմամբ, առայժմ պարզ չէ, թե  փաստացի ամերիկյան կողմը քանի պայմանագիր է սառեցրել, որոնք նախկինում կնքվել էին Թուրքիայի հետ:  Նշվում է, որ այդ գործարքներից առնվազն 2-ը համարվում են բավական խոշոր: Դրանցից մեկը կապված է F-16 կործանիչների մոդիֆիկացման հետ, իսկ մյուսը ամերիկյան շարժիչների արտադրության արտոնության հետ, որոնցով  Թուրքիան պետք է ավարտին հասցներ Պակիստան արտահանվելիք  թուրքական արտադրության  ռազմական ուղղաթիռների վերաբերյալ  1,5 մլրդ-ոց գործարքը։

Նաև ընդգծվում է, որ  վերջին անգամ ԱՄՆ-ն  զենքի վաճառքի  սառեցում Թուրքիայի նկատմամբ կիրառել էր այն ժամանակ, երբ թուրքական իշխանությունները օկուպացրել էին Կիպրոս կղզու մի մասը։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումը, լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

--00—ՄՀ