Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ քաղաքացիներն ապօրինի զենքեր են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վարդաբլուր գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, որը պահել էր տան տանիքում։ Այս մասին հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Լերմոնտովո գյուղում բնակվող 63-ամյա մի տղամարդ ոստիկանության Գուգարքի բաժնում կամավոր հանձել է գործարանային համարով «ԻԺ» հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Վանաձորում բնակվող մի տղամարդ կամավոր հանձել է ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփեր, ծխագլանակներ, տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ և այլն։

Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մասիս մտնող ճանապարհի սկզբնամասի կանգառում հրազեն է թողել։ Հիշյալ տարածքում հայտնաբերվել է քաղաքացու թողած գնդացիրը։

Օրերս ոստիկանության Արարատի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Վանաշեն գյուղի բնակիչներից մեկը բաժին է բերել ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի պահունակներ ու մի քանի տասնյակ փամփուշտ։ Փոքր Վեդի գյուղի բնակիչներից մեկն էլ կամավոր հանձել է «ՏՕԶ» հրացան ու ինքնաձիգի 40 փամփուշտ։

Ոստիկանության Արտաշատի բաժին զանգած մի տղամարդ հայտնել է, որ Արտաշատի երաժշտական դպրոցի մոտ զենք-զինամթերք է թողնում։ Հիշյալ վայրում հայտնաբերվել են գործարանային համարը ջնջված «Մակարով» ատրճանակ ու ինքնաձիգի փամփուշտներ։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արաքս գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է հանգուցյալ հորեղբորը պատկանած ատրճանակը, պայթուցիչով նռնակն ու տարբեր տրամաչափի փամփուշտները։

Հրազդանում բնակվող մի տղամարդ ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» հրացան ու տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։

Օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Էրեբունի վարչական շրջանում բնակվող երկու տղամարդ բաժին են բերել ինքնաշեն ինքնաձիգ, «ՏՕԶ» հրացան, նռնակներ, որոնցից մեկը՝ պայթուցիչով, և տարբեր տրամաչափի ու հրազենների 250-ից ավելի փամփուշտ։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս