Հայաստանում լողասեզոնի բացումից մինչ օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

․

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը հուլիսի 17-ից ուժեղացված ծառայություն է իրականացնում:

Հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու համար Սևանի 3 հանրային լողափերում տեղադրված են հենակետեր, տեխնիկական ու փրկարարական ուժերը բերված են պատրաստվածության բարձր աստիճանի: Իրականացվում է 24-ժամյա ծառայություն: Կենտրոնական կայանը սպասարկում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ահազանգերը՝ կապված հանրապետության այլ ջրային վայրերի հետ:

2019 թ-ին հանրապետությունում ջրահեղձման 15 դեպք է գրանցվել, որից 5-ը՝ Սևանում: Ընդհանուր գրանցվել է 13 զոհ, 3 տուժած, որոնցից 2 զոհ, 3 տուժած՝ Սևանում: 2020 թ-ի մինչև օգոստոսի 12-ը ջրահեղձման 16 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ Սևանում: Ընդհանուր՝ 13 զոհ, 4 տուժած, որոնցից 4 զոհ և 1 տուժած՝ Սևանում: ԱԻՆ փրկարարների կողմից հսկվող տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել: Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու:

«ԱԻՆ-ը հորդորում է՝ նախքան ջուրը մտնելը հիշեք, որ բացի Սևանից Հայաստանում մյուս ջրային տարածքները լողալու համար չեն: Պահպանեք անվտանգության կանոնները, որպեսզի հնարավոր լինի խուսափել անդառնալի հետևանքներից»,-ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

--0--ԱՀ