Արայիկ Հարությունյանի հանդիպումը ի վերջո կայացել է․ նախարարը շատ քիչ է խոսել․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է, բայց կրկին նախարարը շատ քիչ է խոսել: Բանն այն է, որ նախարարը հանդիպմանն իր հետ տարել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, որը, կարելի է ասել, հանդիպման ողջ ընթացքում պատասխանել է իմքայլական պատգամավորների հարցերին:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցներում Եկեղեցու պատմություն առարկան դասավանդելու, կրթության չափորիշիչների, դպրոցներում խորհուրդներ ստեղծելու հարցերը, համալսարաններում առկա խնդիրները, ինչպես նաեւ պատգամավորները փորձել են պարզել, թե երբ են ի վերջո կրթական համակարգում ռեֆորմներ լինելու: Արայիկ Հարությունյանը, կարելի է ասել, գրեթե բոլոր հարցերի ժամանակ նայել է փոխնախարարի դեմքին, որպեսզի նա պատասխանի հարցերին:

Հիշեցնենք, որ կառավարությունում, երբ կրթության ոլորտում պետք է նախարար Հարությունյանը ներկայացներ իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունը, նույն ձեւաչափով էր անցել քննարկումը, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր հարցերին պատասխանել էր Ժաննա Անդրեասյանը:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպումից հետո իշխանական ֆրակցիայում ավելի է խորացել դժգոհությունը նախարարի դեմ, քանի որ այնտեղ մեծամասնությունը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթական համակարգը՝ իր դանդաղկոտության ու թերի աշխատանքի պատճառով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս