23-րդ միջոցառման շահառու հանդիսացող ոլորտները տուժել են ոչ համաչափ. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

Հյուրանոց

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«2020 թվականի օգոստոսի 13-ի նիստում ՀՀ կառավարությունը ընդունեց համավարակի չեզոքացման 23-րդ միջոցառումը, որը վերաբերում է համավարակի հետևանքներից առավելապես տուժած տուրիզմի ոլորտին։

Համաձայն ընդունված միջոցառման՝ պետությունը որոշում կայացրեց սուբսիդավորել տուժած ոլորտի ընկերություններին աշխատողների աշխատավարձային ֆոնդի 1/3 կամ 1/4 չափով` կախված պահպանված աշխատատեղերի քանակից։

Ծրագրի շահառու դարձան ոլորտի գրեթե բոլոր տնտեսվարողները՝ հյուրանոցները, տուրիստական գործակալությունները, ռեստորանները։

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինի առաջին իսկ օրից ի վեր բարձրաձայնել է ոլորտի խնդիրները, որոնց առջև կանգնելու են տնտեսվարողները պետության կողմից համաչափ և ժամանակին քայլեր չձեռնարկելու դեպքում, այդ թվում` այսքան տևող եկամուտների զրոյական մակարդակի պայմաններում աշխատավարձի վճարման անկարողությունը։

Այդ իսկ պատճառով Ասոցիացիան միանշանակ ողջունում է ՀՀ կառավարության կողմից տվյալ ծրագրի ընդունումը՝ հաշվի առնելով Ասոցիացիայի կողմից արդեն 6 ամիս առաջարկվող լուծման կարևորագույն կետերից մեկի կիրառումը՝ ծրագրի երկարաժամկետ լինելու հանգամանքը։

Ասոցիացիան բազմիցս հայտնել է այն կարծիքը, որ ոլորտին աջակցությունը պետք է լինի հաշվի առնելով այն փաստը, որ ոլորտը շարունակելու է վնասներ կրել և հիմնվելով փորձագետների կարծիքի վրա՝ տնտեսվարողները կկարողանան ծախսածածկման հասնել միայն 2021 թվականի ապրիլից՝ նկատի ունենալով տուրիզմի ոլորտի սեզոնայնությունը։ Հետևաբար շատ կարևոր էր ծրագրի ոչ միանվագ, շարունակական լինելը, որն ըստ ընդունված միջոցառման հաստատվեց՝ պետական աջակցության վճարումը սահմանելով մինչև 2021 թվականի ապրիլը։

Միևնույն ժամանակ կուզենայինք ընդգծել, որ միջոցառման շահառու հանդիսացող ոլորտները տուժել են ոչ համաչափ․ հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել։ Զրոյական եկամտաբերության պարագայում վերջիններս պահպանել են բազմաթիվ աշխատեղեր, որոնք սակայն, կշարունակեն մնալ կրճատման ռիսկի տակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս հուրանոցային տնտեսությունների ֆինանսական ռեսուրսները սպառված են, և նրանք աշխատավարձ վճարելու այլ հնարավորություն չունեն։

Մյուս կողմից, համաճարակային անբարենապաստ իրավիճակի առկայությունը, ինչպես նաև արտակարգ դրության երկարաձգումը, չնայած օտարերկրացիների մուտքի սահմանափակումների մեղմացմանը, կշարունակեն բացասաբար ազդել ոլորտի վրա՝ ներգնա տուրիզմի հոսքը շարունակելու է ձգտել զրոյի, և այսպես կոչված ցածր սեզոնի ժամանակ (սկսած հոկտեմբերի 15-ից) հյուրանոցային ոլորտի համար ավանդական վնասաբեր ժամանակահատվածը էլ ավելի մեծ վնասներ կբերի։ Հետևաբար, Ասոցիացիան, ինչպես պատկան մարմինների հետ բոլոր հանդիպումներում, այնպես էլ հիմա պնդում է, որ հյուրանոցային տնտեսությունների սուբսիդավորումը անհրաժեշտ է սահմանել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսի չափով, հաշվի առնելով, որ աշխատավարձի (առավելագույնը) մեկ երրորդի չափով սուբսիդավորումը կբավարարի միայն առաջացած հարկային պարտավորությունները վճարելուն։ Միջոցառման առկա շարադրանքը չի օգնի հյուրանոցներին խուսափել աշխատատեղերի հետագա կրճատումներից և չի կանգնեցնի վճարվող աշխատավարձային ֆոնդի անկումը։

Ասոցիացիան կողմ է ՀՀ կառավարության կողմից տրվող ցանկացած դրական հանգուցալուծումներին, սակայն պնդում է, որ տվյալ միջոցառումը չի ապահովի հյուրանոցային ոլորտում առկա խնդրի լուծումը, քանի դեռ սուբսիդավորման չափը չի կազմել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսը»:

--00--ԱԹ