Ամուր ենք մեր բանակով ու մշակութային թիկունքով․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

հասարակական

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամուր ենք մեր բանակով ու մշակութային թիկունքով

 Երեկ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում համերգային կատարումներով հանդես են եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը:

Միջոցառման ընթացքում Վարսենիկ Ավանյանը կատարել է հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, իսկ Վահագն Հայրապետյանը ներկայացրել է հեղինակային, ինչպես նաև հայտնի ու սիրված ջազ մեղեդիների սեփական մշակումները:

Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 5-ից: Առաջին միջոցառումներն անցկացվել են Արծվաբերդ (օգոստոսի 5) և Տավուշ (օգոստոսի 6) գյուղերում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի պատանի երաժիշտների և «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ»:

--0--ԿԿ