Նիդեռլանդների կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել ՀՀ իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News  

ՆԹ

Օգոստոսի 15-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Միրզախանյանը և Հայաստանում ՆԹ նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսն այցելեցին Նիդերլանդների հարավային Լիմբուրգ նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցան Մաաստրիխտի Անի հայ համայնքի ներկայացուցիչների և Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամների հետ։

Հյուրերին բարի գալուստի խոսքով դիմեց եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Լևոն Սարկիսը, այնուհետև, ներկայացվեց Մաաստրիխտի հայ համայնքի պատմությունը և կենսագործունեությունը։
Դեսպան Ն․ Սխերմերսը շնորհակալություն հայտնեց հանդիպման կազմակերպիչներին, խոսեց հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ այն նոր մակարդակի է բարձրացվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, և այդ հանգամանքով պայմանավորված Նիդերլանդների կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանի իշխանություններին՝ երկրում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների ճանապարհին։
Հաջորդիվ խոսքը փոխանցվեծ ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Դ․ Միրզախանյանին, ով, միանալով համայնքի ներկայացուցիչների՝ դեսպան Ն․ Սխերմերսին ուղղված ողջույնի խոսքերին, նշեց, որ պարոն Սխերմերսը մինչև այժմ միակ եվրոպական դեսպանն է, ով նշանակվելուց հետո նախքան Հայաստան մեկնելը հանդիպումների շարք է նախաձեռնել հայ համայնքային կառույցների հետ, ինչի մասին տարբեր առիթներով հայտարարել է նաև ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։ Դ․ Միրզախանյանը Ն․ Սխերմերսին տեղեկացրեց, որ Մաաստրիխտը պատմական քաղաք է ո՛չ միայն Նիդերլանդների համար, որտեղ ստորագրվել է ԵՄ հիմնադիր փաստաթուղթը, այն նաև յուրահատուկ տեղ է զբաղեցնում նիդերլանդահայության կյանքում և սփյուռքահայ իրականության մեջ։ Ասվածի վկայությունն է այն փաստը, որ քաղաքի հովանավոր սուրբը՝ Սուրբ Սերվատիոսը, ազգությամբ հայ է և համարվում է ներկայիս Նիդերլանդների տարածքում քրիստոնեություն քարոզող 1-ին եպիսկոպոսը։
Իր խոսքի վերջում Դ․ Միրզախանյանն ամենայն հաջողություններ մաղթեց Ն․ Սխերմերսին ստանձնած նոր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ երկու դեսպանությունների ակտիվ համագործակցության, ինչպես նաև ՆԹ հայ համայնքային կառույցների ներգրավվածության միջոցով հայ-նիդերլանդական հարաբերությունները նոր որակ կստանան։

Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Մաաստրիխտի կենտրոնում գտնվող Սուրբ Սերվատիոսի բազիլիկ եկեղեցի, շրջայց կատարեցին քաղաքում, ծանոթացան հայակական ժառանգություն կրող այլ կոթողների։ 

--00—ՄՀ