Սերժ Սարգսյանն ասուլիս կտա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News 

Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ ասուլիսով հանդես գալ: Տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշված է.

«Ս. թ. օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս. թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ:

Նկատի ունենալով, որ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված են 200-ից ավելի լրագրողներ, որոնք ներկայացնում են հանրապետությունում գործող գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները, խնդրում ենք, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ներկայացնի միայն մեկ լրագրող, առկայության դեպքում՝ մեկ լուսանկարիչ, ինչպես նաև մեկ օպերատոր:

Մամուլի ասուլիսը լուսաբանելու համար ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին առաջարկում ենք մասնակցությունը հաստատել մինչև ս. թ. օգոստոսի 18-ի ժամը 18:30-ը՝ [email protected] հասցեին ուղարկելով իրենց անուն-ազգանունները, հեռախոսահամարները և էլ. փոստի հասցեները:

Միջոցառման վայր լրագրողների մուտքը կիրականացվի միայն ՀՀ ԱԺ-ում հավատարմագրումը հաստատող վկայականի առկայության դեպքում:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 37 շենքի («Հարսնաքար» համալիր) բացօթյա կանաչ հատվածում:

Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ժամը 11:00-ից մինչև 11:40-ը:

Ասուլիսի ընթացքում մասնակիցների համար ապահովված կլինեն արտակարգ դրության իրավիճակից բխող հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները»:

--00--ԱԹ