Իմքայլականներն այնքան իրավագիտակցություն չունեն, որ կարողանային Վահրամ Ավետիսյանին ընկճել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

վահրամ.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը հրաժարվել է իր թեկնածությունից, քանի որ որոշել է պատվով հետ կանգնել անիրագործելի ցանկությունից։

«Նա դա արել է ի տարբերություն ոմանց, ովքեր ամեն գնով գնում են դեպի ինքնախայտառակության։ Ավետիսյանը ճիշտ է վարվել, եթե այս ճանապարհով իր հաջողությունն արգելափակված էր, ապա ո՞րն էր մինչև վերջ գնալու իմաստը»,-այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Պետրոսյանը չի կարծում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այնքան իրավագիտակցություն ունեն, որ Վահրամ Ավետիսյանին կարողանային ընկճել իրենց հարցերով։ Փոխարենը կարծում է, որ պատգամավորներն իրենց հարցերով, գուցե գիտակցաբար, գուցե անգիտակցաբար, կարողացել են գաղտնազերծել իրենց մեջ առկա հակասությունը։ 

«Ինչ-որ առումով ցավում եմ, որ նման մարդկանցով չպետք է համալրվի ՍԴ-ն։ Դատելով իշխանության կադրային քաղաքականության «նվաճումներից»՝ իրենց պետք չէ պրոֆեսիոնալ կադր, իրենց պետք է երկար քայլելու ունակ մարդ, ով կծափահարի գործադիր իշխանության ցանկացած որոշում ու հանձնարարական։ Իսկ Վահրամ Ավետիսյանը մեխանիկորեն ծափահարողներից չէ»,-ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև իշխանության հայտարարություններին, թե միայն դատական իշխանությունում է, որ հեղափոխություն չի եղել, ու ասաց, որ այս հայտարարությունները ծայրահեղ անգրագիտության արդյունք են, քանի որ ՍԴ-ն չպետք է հեղափոխություններին հաղորդակից լինի։

«ՍԴ-ի անկախության ամբողջ իմաստն այն է, որ զերծ մնա քաղաքական վայրիվերումներից։ Իշխանությունները ՍԴ-ի էությունը, նպատակը, առաքելույթունը չեն հասկանում։ Նման անգրագիտություն երբևէ որևէ մեկը չի դրսևորել։ Այսինքն՝ իրենք ՍԴ-ն ուզում են դարձնել հեղափոխական դատարան, մինչդեռ Սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ ՀՀ-ում արգելվում է արտակարգ դատարանների ստեղծումը»,-ավարտելով խոսքը՝ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը։

Հիշեցնենք, որ Վահրամ Ավետիսյանը «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից իր համար ակնհայտ է դարձել, որ պատգամավորների մի մասի՝ ՍԴ-ի դերակատարության, ՍԴ դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումները համահունչ չեն իր մոտեցումներին և պատկերացումներին, իսկ որոշ դեպքերում էլ իր համար անընդունելի են։ 

Սոնա Գևորգյան

--00—ԼՄ