«Արարատում» կորոնավիրուսի դեպքերն ավելացել են. ակումբը դիմել է ՀՖՖ-ին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News 

Արարատ

Երևանի «Արարատի» ֆուտբոլիստներն ու մարզիչները հերթական անգամ կորոնավիրուսի թեստ են հանձնել, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ցավոք, անցկացված ՌՆԹ/PCR թեստերի արդյունքներով «Արարատ-2» թիմի ևս յոթ ֆուտբոլիստի և մեկ մարզչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։

Այսպիսով, երկու թիմերում ընդհանուր առմամբ ունենք 18 վարակակիր ֆուտբոլիստ և մարզիչ՝ 5-ը «Արարատ», իսկ 13-ը՝ «Արարատ-2» թիմից։
Նման պայմաններում «Արարատը» երեկ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղում մրցեց «Փյունիկի» հետ՝ հայտացուցակում ունենալով ընդամենը մեկ դարպասապահ։

Ստեղված իրավիճակը լուրջ խնդիրներ է ստեղծել նաև Ձորաղբյուրի մարզաբազայի աշխատանքներում, որն այժմ հանդիսանում է վարակի օջախ։ Մարզումային գործընթացի պատշաճ կազմակերպումը ներկայումս դարձել է անհնարին։

Հաշվի առնելով այս ամենը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին՝ խնդրելով հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլի «Շիրակ» - «Արարատ» հանդիպումը»,- ասված է «Արարատի» տարածած հայտարարության մեջ: 

--00—ՄՀ