Շինարարական լայնածավալ աշխատանքներ՝ Գեղարքունիքում. Փաշինյանն անձամբ է հետևում ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

նիկոլ

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է: Վարչապետն այցելել է մի քանի համայնքներ՝ ծանոթանալու մարզում մեկնարկած շինարարական աշխատանքներին:

Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ այցելությունը մեկնարկել է Լճաշեն համայնքից, որտեղ վարչապետը նախ ծանոթացել է տեղի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին, ապա այցելել է Գանձակ, որտեղ նորոգվում է Բաղրամյան փողոցն ու կենտրոնական հրապարակը:

Ծովասար համայնքում ևս վարչապետ Փաշինյանը ծանոթացել է մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին, որի ավարտից հետո համայնքն առաջին անգամ գործող մանկապարտեզ կունենա։

Լիճք, Վարդենիկ, Արծվանիստ համայնքներում Նիկոլ Փաշինյանը հետևել է ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին։ Արծվանիստում վարչապետն այցելել է նաև Վանեվան եկեղեցի և խորհուրդ տվել մարզով անցնողներին գալ ու տեսնել այն:

Գեղարքունիքի մարզի համայնքներում Նիկոլ Փաշինյանը զրուցել է նաև գյուղացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին՝ պարբերաբար հորդորելով չմոռանալ համավարակի մասին և զրույցների ժամանակ պահպանել սոցիալական հեռավորությունը:

Վարչապետի այցելությունը մարզ շարունակվում է, ընթացքին կարող եք հետևել 24TV-ի եթերում:

--00—ԼՄ