Փարիզում մեկնարկել է «Ֆոնեթոն-2018» հեռախոսամարաթոնը․ այն կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 16, 24News

Thumbnail

Ֆրանսիայում մեկնարկել է ամենամյա հեռախոսամարաթոնը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: «Ֆոնեթոն-2018»-ին մասնակցելու է մեկնել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հեռախոսամարաթոնի մեկնարկը ազդարարելու համար Փարիզում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը: Ֆոնեթոնին հավաքագրված գումարներն ուղղվելու են 2019-ին Հայաստանում և Արցախում իրականացվելիք ծրագրերին:

«Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը»,- ֆրանսիական AYP ռադիոկայանի «Հայաստանն այսօր» հաղորդաշարի եթերում ասել է Հայկակ Արշամյանը:  Հիմնադրամի տնօրենը ֆրանսահայ ունկնդիրներին հայտնել է, որ շուտով կավարտվեն հիմնադրամում անցկացվող ստուգումները: Ըստ նախնական տվյալների՝ հիմնադրամի գումարների կորուստ չի եղել: «Հիմնադրամը շարունակում է գործել թափանցիկ: Նվիրաբերված յուրաքանչյուր ցենտ ուղղվելու է իր նպատակին», – շեշտել է հիմնադրամի տնօրենը:

Ինչ վերաբերում է Համահայկական հիմնադրամի հետագա ծրագրերին՝ Հայկակ Արշամյանն ասել է, որ հիմնադրամը չպետք է կենտրոնանա միայն բուն շինարարության վրա:

«Իհարկե, շատ կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը: Սակայն, ես ցանկանում եմ, որ հիմնադրամը նաև բովանդակային ծրագրեր իրականացնի: Մենք պետք է Հայաստանը դարձնենք միտք արտադրող երկիր: Պետք է զարկ տանք հիմնադրամի միջոցով ինովացիոն նոր բարձր տեխնոլոգիաներին, մենք պետք է զարկ տանք երկրի մշակույթի ու արվեստների զարգացմանը: Նաև մենք Հայաստանը հիմնադրամի միջոցով պետք է դարձնենք կանաչ էներգիայի երկիր», – նշել է Հայկակ Արշամյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը կարևորել է սփյուռքի հետ կապերի ամրացումը:

 «Մենք մի օր պետք է հասնենք նրան, որ աշխարհում ասելով Հայաստան՝ հասկանան որակի բրենդ: Ես ուզում եմ՝ դա իրականություն դառնա հիմնադրամի շնորհիվ:… Պետք է սփյուռքի մեր հայրենակիցների մոտ մեծացնենք հայրենիքի նկատամամբ սեփականության զգացումը, և դա պետք է լինի շատ իրական ու գործնական»: