Փայլանը մեջլիսում կրկին խոսել է Վանի հայկական գերեզմանոցի վրա զուգարան կառուցելու թեմայից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական մեջլիսում կրկին անդրադարձել է Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանում հայկական գերեզմանատան պղծմանը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

Մեջլիսում տեղի ունեցած պլանավորման և բյուջեի քննարկումների ժամանակ ելույթ ունեցած հայ պատգամավորը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանը այդպես էլ չի ապամոնտաժվել, չնայած ժամանակին զբոսաշրջության և մշակույթի նախարարը հրահանգել էր ապամոնտաժել այն:

«Մշակույթի նախարարին ասացի, որ Վանի Արտամետում դրախտային մի վայր կա, այնտեղ հայկական գերեզմանոցի վրա զուգարան են կառուցել: Ասացի, որ դա անխղճություն է: Նուման Քուրթուլմուշը (մշակույթի նախկին նախարար-խմբ.) իսկույն հրահանգեց, որ քանդեն, սակայն պետական կառավարիչը ասաց՝ չի քանդվելու այդ զուգարանը: Սա խի՞ղճ է, սա՞ է արդարությունը, սա՞ է իրավունքը: Ոչ մի խիղճ չի կարող սա ընդունել: Այդ զուգարանը դեռևս կանգնած է մարդկանց ոսկորների վրա»:

Հիշեցեննք, որ Արտամետի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հանրային լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ էին կառուցվել:

Խնդրի շուրջ բարձրացած աղմուկի ֆոնին 2017-ի նոյեմբերին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Վանում հայկական գերեզմանոցի վրա կառուցված այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն: Սակայն քաղաքապետարանի՝ պետության կողմից նշանակված պետական կառավարիչ Աթըֆ Չիչեքլին հայտարարել է, որ վերոնշյալ շինությունները չեն քանդվելու՝ պնդելով որ այդ վայրում հայկական գերեզմաններ չկան:

Փայլանն այցելել էր Արտամետում գտնվող հայկական նույն այն գերեզմանոց, որի տարածքում կառուցվել է զուգարանը: Փայլանը հավաքել և հողին էր հանձնել գերեզմանոցի տարածքում այս ու այն կողմ թափված ոսկորները, որոնք շինարարական աշխատանքների հետևանքով դուրս էին եկել գերեզմաններից: Նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: