Վանա լճում ճայերի զանգվածային անկումը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News 

Վան

Օգոստոս ամսին Վանա լճում նկատվել է ճայերի աննախադեպ զանգվածային անկում։ Այս անկումը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ մարդիկ մտածում են՝ այն կապված է համաճարակի կամ աղտոտվածության հետ։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Թուրք գիտնականներից պրոֆեսոր Լոքման Ասլանը նշել է, որ ճայերի անկումը նորմալ երևույթ է, բայց նորմալ չէ սատկած կենդանիներին չհավաքելն ու մաքրման աշխատանքներ չկատարելը, որն էլ խուճապ է առաջացնում մարդկանց մոտ, և նրանք այդ ամենը կապում են համաճարակային իրավիճակի ու այլ պատճառների հետ։

Վանա լճի տարածքում շուրջ 223 թռչնատեսակ կա, իսկ ամբողջ Թուրքիայում 475։ Այսինքն՝ երկրի թռչնատեսակների կեսը Վանա լճի տարածքում է։ Այդ թռչնատեսակներից է նաև Վանի ճայը, որը ապրում է միայն Վանա լճի տարածքում։

Պրոֆեսոր Լոքման Ասլանը ճայերի անկումը բացատրել է տառեխ ձկան ձվադրման սեզոնի հետ կապված ճայերի համար որպես կեր նրանց անհասանելի դառնալու հանգամանքով։

Ըստ թուրք գիտնականի՝ ճայերը սովի են մատնվում, որից սթրես է առաջանում  նրանց մոտ և գրանցվում է ճայերի զանգվածային անկում։

--00—ՄՀ