Մեղք է գրպանահատի մտածողությամբ այս խմբակին «Սասնա Ծուռ» կոչել. Յուրի Տեփանոսյանի կին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

յորի

«Սասնա Ծռերի» գործով դատական վիճաբանությունների փուլը շարունակվում է:  Դատարանում սպանված ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թումասյանը, իր ուրախությունը հայտնեց, որ դատաքննությունը վերջապես ավարտվում է:

«Ինչ ասես՝ չտեսանք այս ընթացքում՝ ստախոսությունից մինչև դավաճանություն, հերոս ներկայանալու խղճուկ փորձից մինչև սպանության սուտ գաղափարներով արդարանալու ջանքեր։ Եվ այս ամբողջ խեղկատակության գլխավոր նպատակը սեփական կաշին փրկելն է, ամեն գնով արդարությունից խույս տալու ձգտումը։ Ուրախ եմ, որ այս ամենը շուտով կվերջանա, բայց տագնապներ ունեմ՝ արդարություն իրականացնողները կկարողանա՞ն մեղքի համարժեք պատիժ սահմանել, կկարողանա՞ն դիմակայել ճնշումներին, անտեսել սուտ մարդասիրական կոչերը, չտրվել հայրենասիրության ու ապստամբության մասին բարբաջանքներին։

Ի՞նչ հայրենասիրություն, ի՞նչ ապստամբություն սրանք իրենց «Սասնա Ծուռ» են կոչում, որը նորից սուտ ու կեղծիք է։ Ո՞ր մի Սասնա ծուռն է իր հայրենիքի մայրաքաղաքում հարձակվում իր հայրենիքի ամրոցի վրա և սպանում դրա պահապաններին։ Սասունցի Դավիթը նույնիսկ թշնամուն քնից հանում, որ անմեղ արյուններ չթափեր, իսկ սրանք սպանել են արյունակիցներին, վիրավորել և սպանել, բժիշկ պատանդ առել, բանկոմատից փողեր գողացել։ Մեղք է գրպանահատի մտածողությամբ և պահվածքով այս խմբակին «Սասնա Ծուռ» կոչել»,-ասաց նա և խոսի վերջում հավելեց, որ հավատում է արդարադատությանը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին մեղադրողը հրապարակեց մեղադրական ճառը և միջնորդեց մեղավոր ճանաչել գործով ամբաստանյալներին։ Դատարանը լսեց տուժողների իրավահաջորդներին։

--00—ԼՄ