«Նոր սերունդն» իր ինտելեկտուալ սնանկությունն է ցուցադրում․ Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Ամենատխուրն այն է, որ «Նոր Հայաստանի» «նոր սերունդն» է իր ինտելեկտուալ սնանկությունը ցուցադրում։ Դա ակնհայտ հետընթաց է՝ մի քանի դարով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: 

«Կայացած ազգերն առաջնորդվում են սկզբունքներով և գաղափարներով, մնացածը՝ անձերով։ Հին ժամանակներում մարդիկ պաշտում էին քարը, ծառը, առաջնորդին, իսկ քրմերն ու շամանները մարդկանց հնազանդեցնում էին բնության արհավիրքների ու թշնամիների հանդեպ վախով։ Քրմերն ու շամաններն առաջնորդների հենարաններն էին։

Մարդկանց ինտելեկտուալ աճի հետ մեկտեղ առաջացավ նոր հավատք՝ միաստվածությունը։ Մեկ աստվածն արդեն աբստրակցիա էր, որն իր հետ բերեց երևութական, ավելի բարդ մտածողություն, նաև պատվիրաններ, սկզբունքներ և արժեքային համակարգ։ 

Հետագայում ազգերն, ըստ իրենց ինտելեկտուալ աճի մակարդակի, իրենց փրկությունը պայմանավորում էին անհատներով՝ փրկիչներով կամ գաղափարներով։

Ամերիկյան, ֆրանսիական և մյուս հեղափոխությունները ծնվում էին ինտելեկտուալ ու փիլիսոփայական խմբակներում, նոր աշխարհայացքներ ու արժեքային համակարգեր որոնելու ճանապարհին։

Մտավոր շրջապտույտի մեջ գտնվող ազգերն իրենց փրկությունը շարունակում են պայմանավորել անձերով։ Դրա վառ օրինակը «Մերժի՛ր Սերժին» շարժումն էր։ Սերժի անձին մերժողը դարձավ հերոս՝ նոր փրկիչը։ «Չար» անձին եկավ փոխարինելու «բարի» անձը։

ԱԺ ընտրություններին ՔՊ կուսակցությունը չգտավ որևէ այլ կարգախոս, որն արտահայտեր իրենց աշխարհայացքն ու արժեքային համակարգը։ Պատճառը շատ պարզ է՝ աշխարհայացքի և գաղափարների բացակայությունը, և ստիպված էին իրենց հեղափոխական կարգախոսը պայմանավորել անձով, այսինքն` ոչնչով։ 

Ամենատխուրն այն է, որ «Նոր Հայաստանի» «նոր սերունդն» է իր ինտելեկտուալ սնանկությունը ցուցադրում։ Դա ակնհայտ հետընթաց է՝ մի քանի դարով»,-գրել է Ստեփան Դանիելյանը։