Սարգսյանը գիտի մի բան, որ չգիտենք. նա միակն է, որ գիտի՝ ինչ ներքին պայմանավորվածություն կա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում կարծիք է հայտնել, որ կարելի էր կանխել 2016 թ․-ի ապրիլյան քառօրյա պատերազմը։ Ըստ նրա՝ այն պատերազմ չէ, այլ փորձ էր մեր ուժերը շոշափելու համար, ինչպես Տավուշի մարտերի դեպքում էր։ 2016 թ․-ին այդ փորձը հաջող ստացվեց։

Գեներալը համակարծիք է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե այսօր պատերազմի մեծ վտանգի առաջ ենք։ 

«Մեր թշնամին ցանկանում է պատերազմ, իսկ մեր ներքին խժդժություններն օգնում են, որ կարողանա հասնել իր նպատակին։ Ներքին դավաճաններով նրանք կարող են հասնել հաղթանակի»,- ասել է Գագիկ Մելքոնյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե երբևէ տարածք հանձնելու մտադրություն չի ունեցել՝ Մելքոնյանը հիշեցրել է ռուս լրագրողի հետ նրա հարցազրույցը, որի ժամանակ նախկին նախագահն ասել էր, թե պատրաստ է եղել հողեր տալու, միայն թե Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է։

«Սարգսյանը միակ մարդն է, որ գերազանց գիտի, թե բանակցությունները որտեղից են մտել «տուպիկ», ինչի՞ համար է մտել, ի՞նչ ներքին պայմանավորվածություններ է ունեցել։ Ինքը գիտի էդ ամեն ինչը։ Ճանաչելով Սարգսյանին՝ նա գերազանց հիշողություն ունի։ Ինքը կարող է 40 տարի առաջվանը հիշի, բայց որ այդ դեպքերի այդ մասերը մոռացել է, լավ չէ»,-ասել է գեներալը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

--00—ԼՄ