Սամվել Մայրապետյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 16, 24News

Thumbnail

Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:

Մայրապետյանի համար երաշխավորություն է տվել մտավորականների ևս մի մեծ խումբ, այդ թվում ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հայտնի գործարարներ և լրագրողներ, պրոդյուսերներ, ստեղծագործական միավորումների ղեկավարներ: Վերջիններն իրենց գրավոր պարտավորությունն են ներկայացրել առ այն, որ իրենց խոսքով եւ մուծվող գումարով երաշխավորում են Սամվել Մայրապետյանի պատշաճ վարքագիծը՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալը եւ այլ դատաիրավական պարտականություններ կատարելը:

Փաստաբան Բատիկյանի միջնորդության մեջ նաեւ ասվում է, որ նմանատիպ անձնական երաշխավորություն են ստանձնել նաեւ մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ Գլխավոր դատախազին եւ ՀՀ ՀՔԾ պետին՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ին հասցեագրված բաց նամակով:

Հիշյալ նամակով վստահություն վայելող բազմաթիվ անձինք իրենց մտահոգությունն են հայտնել առանց բավարար հիմքենրի եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Սամվել Մայրապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ: Հաշվի առնելով միջնորդության մեջ ներկայացված հանգամանքները փաստաբան Բատիկյանը ՀՀ Գլխավոր դատախազին խնդրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով փոխել Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը՝ անձնական երաշխավորությամբ:

Սամվել Մայրապետյանի փաստաբանի միջնորդությունը ՀՀ Գլխավոր դատախազություն մուտքագրվել է այսօր եւ ՀՀ Քրեական դատավարության օրենգրքի 199-րդ հոդվածի համաձայն պետք է քննվի 5-օրյա ժամկետում, այսինքն մինչեւ 2018 թվականի նոյեմբերի  21-ը ՀՀ գլխավոր դատախազը պետք է բավարարի կամ մերժի Կարեն Բատիկյանի միջնորդությունը: