ՔՏՀԱՏՄ-ն կանոնավոր երթուղիներում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

․

Օգոստոսի 20-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։ Այս մասին ասված է ՔՏՀԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։

Մասնավորապես՝ դիտարկումներն իրականացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից դեպի տարբեր վարչական շրջաններ մուտք գործող, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասից Երևան մուտք գործող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Իրականացված գործառույթների արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին խախտումներ չեն արձանագրվել, իսկ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխխադրում իրականացնող մեկ տասնյակի հասնող ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ։

Խախտումների բնույթով պայմանավորված կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Վարչական շրջաններում իրականացվել են ակտիվ իրազեկման, բացատրական աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ։

Վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են մայրաքաղաքում և մարզերում։

--0--ԱՀ