Ընտրական օրենսգրքի քննարկումներն ավարտին են մոտենում. ինչ որոշում կկայացվի․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի կունենան Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հերթական քննարկումները, որոնք այս անգամ նվիրված կլինեն ընտրական վարչարարություն, դիտորդներ, ԶԼՄ-ներ, վստահված անձինք, այցելուներ թեմային:

Սա արդեն թվով չորրորդ հանրային քննարկումն է: Քննարկումները նախաձեռնել է ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը, սակայն թեմատիկ մի քանի հատվածներ տարբեր կազմակերպությունների միջոցով են մշակվում: Օգոստոսի 18-ի քննարկումն առնչվում էր ընտրական ցուցակներին։

Ընտրական ցուցակների առնչությամբ ներկաները փաստել էին, որ տարիներ շարունակ մտահոգություններ են հնչել, որ ընտրական ցուցակները բավականին ուռճացված են: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ առաջարկվում է օրենքով ամրագրել, որ ընտրական ցուցակներն ունենան որոնման հնարավորություն: Բանն այն է, որ այժմ էլ հնարավոր է ընտրական ցուցակներում որոնում կատարել, սակայն տեսականորեն հնարավոր է, որ ոստիկանությունն այնպիսի ձևաչափով ընտրական ցուցակները հրապարակի, որ հնարավոր չլինի որոնում կատարել:

Տեղեկացանք, որ առաջարկվում է նաև փոստային ծառայության ծանուցումը փոխարինել այլ ձևերով, օրինակ` հեռախոսային հաղորդագրություններով: Առցանց քննարկումները կավարտվեն օգոստոսի 25-ին, և վերջին քննարկումը նվիրված կլինի ԱԺ կանոնակարգին: Դրանից հետո կամբողջացվեն հանրային քննարկման արդյունքները, և նախագիծը կներկայացվի հանրային քննարկման»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ