Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ծննդյան տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News 

Գարեգին Բ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում ասված է.

«Նորին Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Բ,
Կաթողիկոս Ամենայն Հայոց

Վեհափառ Տեր,

Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առիթով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր կյանք եւ արգասաբեր գործունեություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովվապետի Ձեր բարձր պաշտոնում:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի կարեւորագույն ինստիտուտներից է, մեր ազգային գիտակցության հենասյուներից մեկը, որը ստեղծվել եւ որպես ազգային հոգեւոր կառույց կայացել է պետական մակարդակում ընդունված որոշումների բերումով:

Այդ որոշումները հայ ժողովրդի պատմության շրջադարձային կետեր են, որովհետեւ պետականության անկման շրջանում հենց Հայ առաքելական եկեղեցին դարձավ մեր ինքնության միջնաբերդը, հենց եկեղեցական համայնքներն են պահել եւ պահպանել վերստին պետություն ունենալու մեր ժողովրդի երազանքն ու մղումը, եւ այսօրվա մեր պետականությունը այդ երազանքի իրագործումն է:

Եւ հետեւաբար՝ մեր բոլորիս պարտքն է պահպանել եւ ուժեղացնել այդ երազանքը, մեր լուման ներդնել նրա հզորացման գործին, բայց այդ ամենը հնարավոր չի լինի առանց հավատի: Նաեւ սրանում է Վեհափառ Հայրապետի առաքելությունը՝ ուժեղացնել քաղաքացիների հավատը՝ Աստծո, պետականության, ազգային արժեքների, սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ, խրախուսել իրավունքների պաշտպանությունը եւ պարտականությունների կատարումը:

Թող Աստված Ձեզ միշտ ուժ պարգեւի՝ այս բարձր առաքելությունն իրականացնելու համար:

Որդիական հարգանքով՝
Նիկոլ Փաշինյան»:

--00—ՄՀ