Դասարաններում կթույլատրվի առավելագույնը 20 աշակերտ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News  

դպրոց

ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման մասին ուղեցույց է հրապարակել դասարանների կոմպլեկտավորման և կահավորման մասին։

Ըստ այդ կանոնների՝ 

  1. Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20 է:
  2. Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից հետևյալ սկզբունքներով.

ա. 20-ից ավել սովորող ունեցող դասարանը բաժանվում է 2 խմբի:

բ. Մինչև 20 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 54 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Օրինակելի ձև տրված է Պատկեր 1-ում։

գ. Մինչև 10 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 42 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Օրինակելի ձևը տրված է Պատկեր 2-ում։

դ. Ոչ պետական կրթական հաստատությունները կարող են կիրառել դասարանների կոմպլեկտավորման և կահավորման այլ սցենարներ՝ պահպանելով հակահամաճարակային ընդհանուր կանոնները:

  1. Դպրոցի ախտահանումը.
  1. Մինչև դասերի սկիզբը՝ նախորդ օրը երեկոյան կամ դասերը սկսելուց առաջ բոլոր դռները, պատուհանները, սեղանները, աթոռները, գրատախտակները, սանհանգույցները ախտահանվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցին համապատասխան:
  2. Եթե ուսումնական գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա հերթափոխերի միջև սահմանված ընդմիջումը պետք է բավարար լինի ախտահանումն իրականացնելու համար։
  3. Հերթափոխի դեպքում դասասենյակներում սեղանների, աթոռների, գրատախտակների ախտահանման գործընթացում կարող են ըստ անհրաժեշտության կամավորության սկզբունքով ներգրավվել տվյալ դասարանի սովորողները կամ ծնողները՝ պահպանելով անվտանգության կանոնները:
  4. Մակերեսներն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցին համապատասխան, այդ թվում՝ տարածքի դռների բռնակներ, սեղաններ, ձեռքով հաճախակի հպման մակերեսներ (սարքեր, լույսի անջատիչ, սարքավորումների բռնակ, հեռակառավարման վահանակ, ընդհանուր օգտագործման հեռախոս, համակարգիչ, ստեղնաշար, մկնիկ և այլն), սանհանգույց։
  5. Դպրոցում ապահովվում է պատշաճ օդափոխություն օրը առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:
  6. Դպրոցում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, իսկ անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։
  7. Դպրոցում ապահովվում է ալկոհոլի հիմքով ախտահանիչ միջոցներով հասանելիությունը, այդ թվում՝
    • դպրոցի մուտքի մոտ,
    • միջանցքներում,
    • դասասենյակներում,
    • դահլիճներում,
    • ուսուցչական և այլ աշխատանքային սենյակներում,
    • սանհանգույցներում:
  8. Ախտահանիչ միջոցները պետք է համապատասխանեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցին:
  9. Դպրոցում իրականացվում է ամենօրյա աղբահանություն` օգտագործելով փակվող աղբամաններ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար, ստանդարտ մակնշմամբ՝ Օգտագործված դիմակներ և անձեռցիկներ դպրոցի մուտքի մոտ և միջանցքներում։ 

--00—ՄՀ