Արտակարգ իրավիճակում իրավունքների խախտումներին բախվածները կարող են դիմել Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետազոտություն է կատարում երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակում մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իարվունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Հետազոտությունն ընդգրկելու է բոլոր հիմնական իրավունքները՝ առողջության պահպանման, անձնական ազատության, ազատ տեղաշարժի, կրթության, սոցիալական ապահովության, աշխատանքի և մի շարք այլ իրավունքներ:

«Եթե կան անձինք, որոնք արտակարգ իրավիճակում բախվել են մարդու իրավունքների խախտումների և պատրաստ են կիսվել մեզ հետ իրենց փորձառությամբ (բուժում, մեկուսացում, ինքնամեկուսացում, տեղաշարժ, աշխատանք և այլն), կխնդրեի կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին և տալ հեռախոսահամար, կամ էլ աշխատանքային ժամերին զանգահարել մեր 116 թեժ գծին: Ցանկացած առնչվող տվյալի (խնդրի) ներկայացում արժեքավոր կլինի մեզ համար, որպեսզի կարողանանք խնդիրներն ու պատճառները հնարավորինս արդյունավետորեն ախտորոշել ու առաջարկել համապատասխան լուծումներ՝ կանխելու համար մարդու իրավունքների հետագա խախտումները»,- գրել է Բեգլարյանը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ տվյալները հավաքագրվելու և կիրառվելու են անանուն կերպով:

--00—ԼՄ