Նախարարը հանձնարարել է բացառել կարմիրգքյան տեսակներին վնասելու դեպքերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է՝ Շրջակա միջավայրի նախարարությունը գրեթե ամեն օր ստանում է բազմաթից նամակներ, որոնց կցված են բնության հատուկ պահպանվող և անտառածածկ տարածքների աղտոտման, բնության հուշարձաններում կարմիրգրքյան բուսատեսակներ վնասելու լուսանկարներ։ 

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ այսօր Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու, կարմիրգրքյան բուսատեսակների պահպանության հարցում առանձնահատուկ միջոցներ ձեռնարկելու համար։

Առանձնացվել են այն տարածքները, որտեղ մեր քաղաքացիներն առավել հաճախ են այցելում, ինչպես օրինակ՝ Գոշ լիճը, Ստեփանավանի դենդրոպարկը, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ակնալիճը, էկոտուրիզմի արդեն ճանաչված ուղղություն դարձած Դիլիջան ազգային պարկն ու Պարզ լիճը։ Վերոհիշյալ տարածքներում քաղաքացիների թողած աղբը ստիպված են լինում հավաքել բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանություն իրականացնող կառույցների աշխատակիցները, ինչն անթույլատրելի է։

Անընդունելի է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ մեկնելիս խաթարել էկոհամակարգը՝ անգամ աննշան մարդածին միջամտությամբ։

Նախարար Պետրոսյանը մեկ անգամ չէ, որ կոչով դիմել է ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին, չաղտոտել այն, համատեղ պահպանել ու պաշտպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը։

Նախարար Պետրոսյանը շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներին հանձնարարել է աչալրջորեն մշտադիտարկման ենթարկել քաղաքացիներից ստացվող բոլոր ահազանգերը, հետևողական լինել և իրեն ներկայացնել կատարված աշխատանքների արդյունքները։

Նախարարը հանձնարարել է բացառել կարմիրգքրյան տեսակներին վնասելու դեպքերը՝ օգտագործելով օրենքով նախարարությանը վերապահված ամբողջ գործիքակազմը։

Բնության պահպանությունն առնչվում է յուրաքանչյուրիս, իսկ շրջակա միջավայրի պահպանության մշակույթի ձևավորումը առողջ ու իրավագիտակից հասարակություն ունենալու կարևոր նախապայման է։

Ավելի հոգատար լինենք բնության հանդեպ, չէ որ պարտավոր ենք այն սերունդներին փոխանցել անվնաս։

--00--ԱԹ