Արարատի մարզում կոռուպցիոն քրգործերով վերականգնված վնասը կրկնակի շատ է 2019-ի ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

դատախազություն

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը։

Ըստ այդմ` ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնված վարույթներով 2020թ. առաջին կիսամյակում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 32 քրեական գործ: Դրանցից 9-ը՝ հարուցվել է կրթության ոլորտում, 15-ը՝ տեղական ինքնակառավարման ոլորտում, 2-ը՝ բժշկական հաստատությունների ոլորտում, 1-ը՝ ՋՕԸ ոլորտում արձանագրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների առթիվ:  Քրեական գործեր են հարուցվել նաև տարբեր պետական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, կաշառք ստանալու, պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ:

2020թ. 1-ին կիսամյակում Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել 18 անձի նկատմամբ, որոնցից 8-ը եղել են պաշտոնատար անձինք, այդ թվում` 5 համայնքի ղեկավար, 1 արխիվի վարիչ, 1 բժշկական կենտրոնի տնօրեն, 1 դպրոցի տնօրեն:

Ընդհանուր առմամբ 2020թ. առաջին կիսամյակում Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել են թվով 56 կոռուպցիոն բնույթի քրեական գործ, որոնցից 3 քրեական գործ 4-անձի վերաբերալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը, չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած բարդություններին, 1-ով ավելի է 2019թ. առաջին կիսամյակի համեմատ:

Քրեական գործերով պետությանն ու համայնքներին պատճառված ընդհանուր վնասը նախնական հաշվարկով կազմել է 254.852.602 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 35.624.152 ՀՀ դրամը: Ընդ որում՝ վնասի վերագանման այս ցուցանիշը 24.343150 ՀՀ դրամով կամ 215%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ քննված գրեթե նույնքան գործերի պարագայում: Ընդ որում, վնասի վերականգնումը բոլոր դեպքերում կատարվել է Արարատի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավմամբ:

Էական է նաև այն հանգամանքը, որ քրեական գործի հարուցումը մերժված նյութերով տարվա առաջին 6 ամիսների ընթացքում վերականգնվել է 1.374.154 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ 2019թ. նույն ընթացքում նման նյութերով գրեթե վնասի վերականգնում չի եղել:

Պետությանը պատճառված չվերականգնված վնասի վերականգնման ուղղությամբ գործադրվել է քրեադատավարական գործիքակազմ, մեղադրյալներին պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին որոշումներ են կայացվել բոլոր այն դեպքերում, երբ պետությանը կամ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ չի վերականգնվել: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ պարզվել են հանցագործության պատճառներն ու նպաստող հանգամանքները, համապատասխան միջնորդագրեր և հաղորդումներ են ներկայացվել իրավասու պետական մարմիններին:

Արարատի մարզի դատախազությունը արդյունավետ աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այդ գործառույթի շրջանակներում ուսումնասիրություններ են կատարվել մարզի տարածքում գործող շուրջ 131 ձկնաբուծարաններում, «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ում, ողջ մարզի տարածքում հեռահաղորդակցության կայաններով ծանրաբեռնված հողատարածքների վարձակալության, համայնքներում իրականացված ինքնակամ շինությունների և այլ ոլորտներում:

Նշված լիազորությունների իրականացման շրջանակներում Արարատի մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 3 քրեական գործ, ևս 4 քրեական գործ հարուցվել են այդ ուսումնասիրության արդյունքների հիման վրա այլ մարմիններում նախապատրաստված նյութերով:  

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում մարզի դատախազության անմիջական ներգործության` նախազգուշացումների արդյունքում օրինականացվել է 1 խոշոր` 5 հա մակերեսով ամբողջությամբ ինքնակամ ձկնաբուծարան, որի արդյունքում համայնքային բյուջե մուծվել է շուրջ 111 միլիոն ՀՀ դրամ:

--00—ԼՄ