Հովիկ Աբրահամյանի ընկերությունը 15 տարի ջուր է գողացել

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող ջրօգտագործող ընկերությունը 15 տարի ջուր է գողացել՝ պետությանը պատճառելով ավելի քան 80 միլիոն դրամի վնաս։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 16-ի երեկոյան, «Իմ քայլը» դաշինքի հավաքից առաջ 24News-ին տեղեկացրել է Վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

«Ուսումնասիրություններ ենք իրականացնում մի շարք ջրօգտագործող ընկերություններում։ Բացահայտվել են չարաշահումներ, հարուցված են քրեական գործեր։ Դրանց թվում է Արտաշատում գտնվող մի ընկերություն, որը պատկանում է Հովիկ Աբրահամյանին։ 15 տարի ջուր գողանալով՝ ջրօգտագործող այդ ընկերությունն 80 միլիոն դրամի վնաս է պատճառել պետությանը»,- ասել է Վերահսկողական ծառայության պետի տեղակալը։

Հայկ Սարգսյանը նաև նշել է, որ «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է համար 8 ընտրատարածքում՝ Գեղարքունիքի մարզում, և այժմ արձակուրդում է։